«Հայք». Անտառը շահու՞մ է սանիտարական հատումներից

«Հայք»-ի հոդվածը Տավուշի մարզում ապօրինի ծառահատումների մասին

Անտառը շահու՞մ է սանիտարական հատումներից

Թե Հայաստանի քանի տոկոսն է անտառածածկ, ոչ ոք ստույգ չգիտի: Պետական իրավասու մարմիններն անգամ չեն կարող վստահ պնդել, թե իրականում հանրապետության քանի տոկոսն է անտառածածկ: Բայց այդ անորոշությունը բոլորովին չի խանգարում կառավարության ներկայացուցիչներին խոստանալու, որ 2050թ. Հայաստանի 20.1 տոկոսը լինելու է անտառածածկ:

«Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության նախագահ Նազելի Վարդանյանն ասում է, որ 20-րդ դարի սկզբին Հայաստանի 25 տոկոսը եղել է անտառածածկ: Մեկ դար անց իրավիճակը բոլորովին այլ է. Նազելի Վարդանյանը համոզված է, որ այժմ երկրի անտառապատ տարածքները մոտ հինգ անգամ կրճատվել են: Նման եզրահանգումների հիմք, ըստ Նազելի Վարդանյանի, նախորդ տարիների անտառահատումների ծավալներն են: «Ըստ իմ տվյալների, այսօր Հայաստանում անտառածածկ տարածքը 5-6 տոկոս է: Մենք այսօր ունենք կուլիսային անտառներ, թվում է` անտառ է, բայց երբ խորանում ես, տեսնում ես` բացուտներ են: Միջազգային կազմակերպությունների միջոցով նախորդ տարիներին կատարված ուսումնասիրությունների, տիեզերական լուսանկարումների համաձայն, Հայաստանում անտառածածկ տարածքը 7-8 տոկոս է կազմում: Գյուղատնտեսության նախարարության կազմում գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ը եւ «անտառային» այլ պետական մարմիններ, բնականաբար, այդ տվյալները չեն ընդունում: Եւ «Հայանտառի» գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը, եւ «Անտառային գիտափորձարարական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Ղուլիջանյանը համոզված են, որ 7-8 տոկոսը չափազանցված է, բայց թե ինչքանն է իրականում անտառածածկ, որեւէ թիվ չեն հրապարակում, հակված են անգամ մտածելու, որ 11.2 տոկոսն այնքան էլ հեռու չէ իրականությունից:

Ստացվում է, որ 20 տարի անտառներն անընդհատ հատվում են, բայց չեն կրճատվում, եւ դա միայն բնական վերաճի եւ մասնակի անտառտնկումների հաշվին: Անդրանիկ Ղուլիջանյանը բացում է եւս մեկ գաղտնիք: Նա ասում է, որ 1980-ական թթ. վերջերին, երբ Հայաստանի անտառների կառավարումը կատարվում էր կենտրոնացված` Ռուսաստանի կողմից, մերոնք անտառների տոկոսը քիչ էին ցույց տալիս, որպեսզի հատումները համապատասխանաբար քիչ լինեին: Այդ տենդենցը, ըստ այդ տեսակետի, պահպանվել է նաեւ մինչեւ 1993թ. գույքագրումը, կարճ ասած, 1993թ. ոչ թե 11.2 տոկոսն է անտառածածկ եղել, այլ ավելին, հետեւաբար կտրելով եկել-հասել ենք այդ ցուցանիշի սահմաններին: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանն անտառածածկ տարածքների մասին խոսելիս եւս հիշում է 1993թ. տվյալները, համաձայն որոնց, Հայաստանի 11.2 տոկոսը կամ 334 հազ հա համարվում է անտառածածկ:
Նկատենք, որ 17 տարի արդեն անցել է, դրան գումարենք նաեւ այն հանգամանքը, որ 1993թ. ոչ թե տվյալները հավաքվել են, այլ ավելի վաղ կատարված ուսումնասիրություններ են ամփոփվել, ապա ստացվում է, որ 20 տարվա վաղեմության տվյալներով է այսօր պետական մարմինը ներկայանում: Նոր տվյալներ գլխավոր անտառապետը խոստանում է 2011թ., երբ հաստատված կլինեն անտառտնտեսությունների կառավարման պլանները: Նրա խոսքերով, 2004թ. սկսվել է անտառտնտեսությունների կառավարման պլանների մշակումը, եւ արդեն հաստատված 12 կառավարման պլան կա, եւս երկուսը առաջիկայում կհաստատվի: Այդպիսով, փաստորեն կմնա հինգ անտառտնտեսության կառավարման պլան, որպեսզի Հայաստանի 19 անտառտնտեսությունների պատկերը ամբողջական լինի: Կառավարման պլանը, բնականաբար, ենթադրում է նաեւ գույքագրում: Այստեղ չպետք է մոռանալ, որ հանրապետության անտառների մոտ 73.7 տոկոսն է «Հայանտառի» ենթակայության ներքո, մնացած 26.4 տոկոսը բնապահպանության նախարարության կազմում է` բնության հատուկ պահպանվող տարածքների տեսքով:

Ռուբեն Պետրոսյանն ասում է նաեւ, որ կառավարման պլանները սահմանում են սանիտարական հատումների քանակը, այսինքն` 10 տարվա կտրվածքով որոշում են, թե քանի ծառ է փչանալու, որպեսզի հատեն: Սանիտարական հատումների թեման, ի դեպ, հենց այն խնդիրն է, որի շուրջ պետական եւ հասարակական հատվածները հավերժ բանավեճի մեջ են: «Հայանտառը» պնդում է, որ տարեկան 60-70 հազար խմ սանիտարական հատումները (իսկ այս տարի մոտ 55 հազար քմ) անտառին անհրաժեշտ են, բայց չի հիմնավորում, թե ինչ լուրջ հետեւանքներ կունենա սանիտարական հատումների դադարեցումը: Բնապահպաններից մի քանիսն առհասարակ առաջարկում են որոշ ժամանակով դադարեցնել որեւէ տեսակի հատում` նշելով, որ նախ տվյալների ամբողջական բազա կունենանք, եւ հետո անտառը որոշ չափով վերականգնված կլինի, այլապես մինչ այժմ սանիտարական հատումները չեն ունեցել գիտական հիմնավորում, իսկ որ ամենավատն է, սանիտարական հատման անվան ներքո մեծ մասամբ կատարվել է արտադրական հատում:

«Ես միշտ ասել եմ, որ գոնե հինգ տարի պետք է սառեցնել բոլոր հատումները, որպեսզի անտառը վերականգնի ռեսուրսները, էսօր անտառը չի կարողանում ինքնավերականգնվել»,- ասում է Նազելի Վարդանյանը: «Կովկասի տարածաշրջային կենտրոնի» ներկայացուցիչ Արմեն Գեւորգյանը եւս համոզված է, որ սանիտարական հատումներն այսօր ճիշտ չեն կատարվում: «Հայաստանում սանիտարական հատումները կատարվում են բոլոր կանոնների խախտմամբ, հատկապես, եթե խոսքը վերաբերում է հատուկ պահպանվող տարածքներին: Երբ խոսում ենք ապօրինի հատումների մասին, սա էլ է ապօրինի հատում: Թողեք անտառն ինքն իրեն կարգավորի»,-նշում է մասնագետը: Արմեն Գեւորգյանին զարմացնում է նաեւ այն մոտեցումը, որ սանիտարական հատում Հայաստանում կանխատեսում են 10 տարվա կտրվածքով. «Եթե այսօր դու 10 տարի հետո սանիտարական հատումներ ես կանխատեսում իրականացնել, ուրեմն դու ենթադրում ես, որ այդ տարիների ընթացքում որեւէ անտառապաշտպան միջոցառում չես իրականացնելու, այսինքն` պատրասվում եմ ձեռքերդ ծալել-նստել մինչեւ ծառը կփչանա»:

«Հայանտառի» հիմնավորումներից մեկն էլ այն է, որ անտառահատումները հնարավոր չէ վերացնել, այդ դեպքում գոնե իմանաս, թե ինչ ես կտրում: «Պատկերացնենք, որ հատումները առհասարակ դադարեցնենք: Բա այդ համայնքները փայտը որտեղից են վերցնելու, պետք է գողանան: Դրա համար ամեն ինչն իր օպտիմալ լուծումն ունի»,- ընդգծում է գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Ստացվում է, որ «Հայանտառը» առաջին հերթին ոչ թե անտառի, այլ անտառամերձ համայնքի մասին է մտածում: Կարծում ենք, որ «Հայանտառի» ղեկավարության համար էլ գաղտնիք չէ, որ անտառի փայտից այսօր անտառամերձ գյուղի բնակիչը չնչին օգուտներ է ստանում, անտառին իրական վնասը տալիս են փայտամշակման արտադրամասերը, որոնք պաշտոնյաների եւ օլիգարխների ձեռքներին են կենտրոնացված: Հատումների մասին խոսելիս բնապահպանների եւ պետական պաշտոնյաների տեսակետը թերեւս մի հարցում է համընկնում. ապօրինի ծառահատումները վերջին 5-6 տարիներին նվազել է:

Բայց այստեղ դարձյալ տեսակետների բախում կա. բնապահպանները հակված են մտածելու, որ հասանելի վայրերի կտրելու համար արժեքավոր ծառերն են պարզապես պակասել, իսկ «Հայանտառը» այն վերագրում է փայտի պահանջարկի նվազման եւ հսկողության արդյունավետության բարձրացմանը:

Անահիտ Փիլոսյան

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.