Անտառը հաշվեհարդար է տեսնում

Վանաձորի Խնձորուտ փողոցը՝ անտառահատումների պատճառով առաջացած սողանքների զոհ

«Շեկ եռանդ». այսպես են սարից իջնող հողագունդն անվանել անտառի հենց փեշին ապրող վանաձորցիները: Վանաձորի Խնձորուտ փողոցի բնակիչներն ասում են, որ գրեթե ամեն տարի գարնան հեղեղումներն իրենց գլխին պատուհաս են դառնում: Սարը «փախչում» է, ու նրա հետ եկած տիղմն ու կոճղերը հայտնվում են մարդկանց տներում:

Ջիվան Իսրայելյան

Անտառի անմիջապես ստորոտում է գտնվում Ջիվան Իսրայելյանի երկհարկանի սեփական տունը: Տունը շրջապատող փայտե ցանկապատից մի քանի կտոր է մնացել: Սելավի բերած քոթուկներն ու կոճղերը հայտնվել են նրա բակում, բանջարանոցում, իսկ տիղմը ողողել է նկուղը, լցվել կաթսայատունը:

«Աղետը գիշերը սկսվեց: Երեխեքս մի շաբաթ դասի չեն գնացել. վախեցել էին: Հնարավոր էլ չէր փողոցով իջնել ներքեւ»,-ասում է 43-ամյա Ջիվանը: Անտառից եկած տիղմի բարձրությունը Ջիվանի բակում հասել է 70 սանտիմետրի: Երկու բեռնատար մեքենայով Ջիվանը տիղմը բակից դուրս է տարել:

Հրաչիկ Մխիթարյան

Խնձորուտի մեկ այլ բնակիչ` 77-ամյա Հրաչիկ Մխիթարյանը, մտահոգվում է, որ օրերից մի օր էլ հողագունդը կգա, իր հետ կքշի, կտանի ամեն ինչ: Նման աղետի խնձորուտցիներն ականատես են եղել երկու տարի առաջ:

«Հիմա ավելի վախենալու է, որովհետեւ խորհրդային տարիներին անտառ է եղել, տարածքը լիքն է եղել, իսկ հիմա բաց է, ամեն կողմից ջուրը գալիս է, լցվում», — անցյալի եւ ներկայի սելավներն է համեմատում թաղամասի հնաբնակը:

Անապատացմանը սպասելիս

Անտառից Խնձորուտ փողոցով Երեւանյան խճուղին ողողած տիղմը մի քանի օր խոչընդոտել է Վանաձոր-Դիլիջան երթուղու երթեւեկությանը: Վանաձորի քաղաքապետարանը սելավի օրերին հասցրել է մաքրել խճուղու տիղմն ու ավազը:

Խնձորուտի վերեւում անտառը նոսրանում է

Մասնագիտությամբ քաղաքաշինարար, Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը այս ամենն անտառը վերացնելու հետեւանք է համարում։

«Քիչ է ծառերը կտրեցին, այսօր արդեն կոճղերն են հանում՝ չհասկանալով, որ իրենց տունն են քանդում», — ասում է Պապանյանը:

Խնձորուտ թաղամասում տեղի ունեցած հողի հոսքի պատճառով վնասվել էր Ծովասար կոչվող ջրատարը, որը խմելու ջուր է մատակարարում Վանաձորի 45 000 բաժանորդի:

Երկրաբան Արտակ Դեմիրճյանը Խնձորուտ թաղամասի գրեթե ամեն տարի կրկնվող աղետը որակում է որպես սողանքային երեւույթ, որի առաջացման հիմնական պատճառն անտառահատումն է։

«Մեր սարալանջերը անկման բարձր անկյուն ունեն, ինչը պահվում էր անտառների միջոցով», — ասում է նա։ — «Չկա անտառը, չկա խոնավության պահպանողը: Մթնոլորտային տեղումներն արագորեն գոլորշիանում են: Չգոլորշիացող մասը, որը պետք է կլաներ սեւահողը, մեծ հոսքով թափվում է Դեբեդի գետավազան: Եվ մակերեսային ջրերի հետ միասին, որոնք եւս չեն կլանվում արդեն գոյություն չունեցող անտառի կողմից, ծնվում են սելավասողանքային երեւույթներ», — պարզաբանում է Արտակ Դեմիրճյանը:

Սողանքներից պաշտպանվելու մի քանի եղանակ գոյություն ունի, որոնց թվում են անտառատնկումները, պատնեշների ու ջրահեռացման համակարգերի կառուցումը:

Մասնագետները փաստում են, որ Լոռու մարզում սողանքների թիվը գնալով ավելանում է: Երեք տարի առաջ ձնհալներն ու վարարումները մի շարք համայնքներում նպաստեցին սողանքների առաջացմանը, կամուրջներ փլվեցին, գետերը դուրս եկան ափերից:

Լոռու մարզպետարանի տվյալներով՝ մարզի 98.000 հա անտառից վերջին 18 տարում հատվել է 30 տոկոսը, որը կարելի է համարել անդառնալի կորուստ: 15 տոկոսն իսպառ վերացվել է, մյուս մասի գրեթե կեսն էլ վերացման վտանգի տակ է։

«Վանաձորում 5.000 հա անտառից անցած տարիներին հատվել է մոտ 1.500 հա-ն: 40-50 տարի է պետք, որ անտառը վերականգնվի»,-ասում է Արտակ Դեմիրճյանը:

«Ի վերջո, բնության ամեն մի օղակը փոխկապակցված է, ու եթե վնասում ես մեկը, խախտվում է ողջ համակարգը», — կարծում է Արտակ Դեմիրճյանն ու խոստովանում, որ կանգնած ենք անապատացման ճանապարհին. նրա տվյալներով` անտառների հատման արդյունքում Լոռու մարզում ցամաքել են 500-600 բնական աղբյուրներ ու առուներ:

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

2 Responses to Անտառը հաշվեհարդար է տեսնում

  1. Արտաշես Հովհաննիսյանասում է՝

    Ծառ տնկեք, կտրելու փոխարեն

  2. Ծանուցում՝ Անտառը հաշվեհարդար է տեսնում « Հայկ Ակարմազյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.