«168 Ժամ». «Անտառը հատում-տանում են»

Լուսանկարը՝ «168 Ժամ»-ի

Երկու տարի առաջ Թեղուտի «կաղ» տվող ավտոբուսով գնացել էի Թեղուտ: Դա ճիշտ այն ժամանակ էր, երբ «Թեղուտ» ՓԲԸ-ն սկսել էր հողերի գնման գործընթացը, եւ գյուղը դեռ չէր կորցրել իր հմայքը: «Թեղին չկա, բայց հո թեղուտցին կա՞»,- խրոխտ հպարտությամբ ասացին ավտոբուսի ուղեւոր-թեղուտցիները: «Գյուղում հող չի մնացել: Սաղ առել են, որ հանք բացեն: Էն գյուղացիք էլ, ովքեր չեն վաճառել, դատական քաշքշուկների մեջ են: Ո՞վ կարող էր պատկերացնել, որ մի օր գյուղացուն թողնելու են առանց հողի»,- շարունակեցին նրանք: «Թեղուտում բռնատիրություն է: Դուք էստեղ չեք ապրում, չեք իմանա: Կարող ա Թեղուտ գաք ու դատվեք: Ես իմ հողերը չեմ վաճառելու: Վաճառեմ՝ բա հետո ինչո՞վ ապրեմ: Պատկերացնում եք` 1քառ. մետրի համար առաջարկում են 38 դրամ: Դե, ավելի լավ չի՞ վերջում հողերս ձրի տամ»,- կնոջ անզուսպ հուզմունքին հետեւելով` նշեց 52-ամյա Սերոբ Օսարյանը` հրավիրելով տան պատշգամբ, որտեղից երեւում էին Թեղուտի «հերկվող» անտառները։

«Թեղուտում կտրվել է 55 հա ծառ ու դեռ կկտրվի մոտ 250 հա ծառ: Կառավարության, եւ իհարկե, Գյուղնախարարության եւ Բնապահպանության նախարարների կողմից կան հրամաններ, որտեղ նշված են ամեն տարվա հատումները: 10 տարվա համար մշակվել է ժամանակացույց»,- նշեց Լալվարի անտառտնտեսության ավագ անտառապետ Արամ Ռամազյանը: Հատվող հիմնական ծառատեսակները բոխին, բարդին ու կաղնին են, որոնք անտառապետը համարեց ցածրարժեք ծառատեսակներ: Իսկ հարցին, թե ի՞նչ բարձրարժեք ծառատեսակներ կան Թեղուտում, անտառապետը պատասխանեց. «Թեղուտի անտառում ընկուզենիներ կան, որոնք մինչ օրս չեն հատվել: Կարող եք գնալ, որտեղ որ ընկուզենի կա, կողքերը սարքել են, ընկուզենին էլ ցցված մնացել ա: Հըլա չեն հատել, թե հետագայում ո՞նց կլինի…»: Մինչդեռ ընդամենը վայրկյաններ անց պարզ դարձավ «խնամքով» պահվող ընկուզենիների «ճակատագիրը»: «Իհարկե, հետագայում կտրելու են»,- հավելեց անտառապետը, ով հարցերին պատասխանում էր գյուղի մարզադաշտի մոտ, որը վաղուց կորցրել է իր բուն նշանակությունը` վերածվելով ծառերի իսկական «սպանդանոցի»: «Էստեղ մոտ 4500 խմ ծառ կա: Այդ ծառերը հանվել են վաճառքի: 1 կուբամետրը 10.500 դրամ ա»,- հավելեց անտառապետը:

«Մենք ամեն օր ականատես ենք լինում, թե ուրիշները մեծ մեքենաներով, ոչ էդ հանքավայրին հարող տարածքից, անտառը հատում-տանում են: Մեզ համար մեկ ա` նա կտանի՞, թե՞ էն մյուսը: Հսկա ծառեր են կտրում-տանում: Ճիշտ ա, հիմա մենք էդքան էլ լավ չենք զգում, թե ինչ բացասական հետեւանքներ կլինեն հանքը բացելուց հետո, բայց մեր մոտի գետակը օրումեջ պղտորվում ա, ձկները ոչնչանում են: Դա մենք ամեն օր էլ տեսնում ենք»,- ասաց Թեղուտի բնակիչ տիկին Սվետլանան` նշելով, որ գյուղի բնակիչներն արդեն հարմարվել են Թեղուտի հանքավայրի բացման մտքին, եւ ամենքը հույս ունեն աշխատանք գտնել այնտեղ: «Երեւի գյուղացիները հարմարվել են էն մտքին, որ պիտի հանքերը բացվեն, որովհետեւ մեր հողերը վերցրեցին, ու դրա դիմաց չնչին գումար տվեցին գյուղացիներին: Դե, հանքավայրի ղեկավարությունն էլ հույսով ա տալիս, որ երբ հասույթ ստանան, աշխատավարձերը կբարձրացնեն»,- ընդգծեց թեղուտցի կինը: «Մինչեւ հանքի շինարարությունը, գյուղացիները անասնապահությամբ էին զբաղվում, ու կարելի ա ասել` քչից-շատից էլի ապրում էին, բայց հանքի շինարարությունից հետո լրիվ գյուղացիները, կարելի է ասել, ոչնչացրեցին անասուններին»,- ասաց Թեղուտի բնակիչ տիկին Սուսաննան:

«Մարդիկ փորձում են բերել փաստարկներ, որ հանքի շահագործումը տեղին չէ, որովհետեւ կբերի ավելի շատ վնաս, քան` օգուտ: Ես առաջին օգուտը շեշտեմ` Թեղուտ համայնքում 84 արտագնա աշխատողներից 81-ը վերադարձել են: Սրանից մեծ արդյո՞ւնք,- ասաց «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր վարչության անդամ Ռուբեն Պապոյանը` ավելացնելով,- Այդ պայքարի մեջ ես չեմ տեսնում մեր երկրի ապագային օգուտ»: Ըստ նրա` իրենց կողմից ներկայացված նախագիծը լեռնահանքային լուրջ ծրագիր է: «Պղնձի պաշարները մոտ 1,6 մլն տոննա են, եւ այն, որ Սովետական Միության հետազոտման արդյունքում կար, պաշտպանվել է: Մոլիբդենի պաշարը մոտ 100.000 է»,- նշեց Ռ. Պապոյանը: Մեր այն հարցին, թե արդյո՞ք այլ պաշարներ չկան, Ռ. Պապոյանը պատասխանեց. «Ոչ, արդյունահանվող այլ պաշարներ չկան: Շատ չնչին ոսկի կա, փիրուզ, իհարկե, կա, որը մեր մակաբարձման աշխատանքների ժամանակ առանձին կկուտակենք, եւ կնայենք` ինչ կարգի փիրուզ է, ի՞նչ որակի, եւ հետագայում նպատակ կա զարդերի արտադրության: Բայց դա հետագայում կերեւա»: «Թեղուտ» ՓԲԸ-ի գործադիր վարչության անդամի փոխանցմամբ` Թեղուտում ուրանի պաշարների առկայությունը բացառված է, իսկ ռադիոակտիվությունը նորմայի սահմաններում է: «Նախագիծը ենթարկվել է փորձաքննության, եւ ամեն ինչ պետք է լինի նորմայի սահմանում»,- ավելացրեց Ռ. Պապոյանը: Իսկ թե, ի վերջո, ի՞նչ ապագա է սպասվում թեղուտցուն հանքավայրը շահագործելուց հետո, պարոն Պապոյանն ասաց. «Լավ կլինի, այս երեք տարվա փոփոխությունների մասին զրուցեք թեղուտցիների հետ: Բայց ես ասեմ, որ փայլուն ապագա է սպասում եւ՛ թեղուտցուն, եւ՛ տարածաշրջանին»: Ու զավեշտալին այն է, որ Ռ. Պապոյանը «փայլուն» ապագա ասելով՝ մեջբերեց գյուղի դպրոցականների լավ հագուկապը: Ասում է` գյուղում սոցիալական վիճակն անհամեմատ լավացել է, մարդիկ դարձել են ավելի քաղաքակիրթ: Հետաքրքիր է` ո՞ր քաղաքակիրթ հասարակությունն է լվացքն անում բակի ծորակից կաթկթացող ջրի տակ, կամ օրերով սպասում «կտրվող» ջրի վերադարձին…

Մարինե Մարտիրոսյան, «168 Ժամ»

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

5 Responses to «168 Ժամ». «Անտառը հատում-տանում են»

  1. Ararat Alikhanayanասում է՝

    hetaqrqir er jan, vor 1 qar.m hoxy ,yst bnakchi, vacharvum e 38 dramov: Es chem havatum, vor edpisi sakagin ka:

  2. Ararat Alikhanayanասում է՝

    ajn -i poxaren grel ei ,,jan,, :

  3. aghajanyanասում է՝

    Արարատ ջան, ի՞նչ կա չհավատալու, չգիտե՞ս որ Հայաստանում սեփանակության իրավունքը պաշտպանված չէ: ՀՀ կառավարության N1279-Ն որոշման մեջ գրված է “…. ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գյուղատնտեuական նշանակության 81,483 հեկտար հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով…”. Գերակա հանրային շահ բառերը արդեն ամեն ինչ բացատրում են… Արդյունքում, հողերը օտարվեցին, գյուղացիները ստացան կոպեկներ ու մնացին առանց ապրուստի միջոցի: Ի դեպ, գյուղացիների մի մասը մտել են դատարան` համարժեք փոխհատուցում ստանալու պահանջով: Բա, այ տենց բաներ…

  4. Ararat Alikhanayanասում է՝

    Պարզ է, հասկանալի է: Շնորհակալություն լրացուցիչ տեղեկատվության համար:

    Ուղղակի , վերոնշյալ հոդվածի լրագրողուհու ,,ձեռագրին,, ծանոթ լինելու համար է, որ որոշ բաներ իմ մոտ կասկածելի է թվում:

    168 ժամ ,, թերթը նպատալահարմար չգտավ մի հոդվածի առնչությամբ պարզաբանումներ անել, որն անձամբ ինձ էր վերաբերվում:

    Կարող եմ միայն մի բանի համար շնորհակալություն հայտնել Մ.Մարտիրոսյանին, որ իր հոդվածի ինձ վերաբերող անհիմն տողերը ինտերնետում փնտրելիս ծանոթացա այս բլոգի հետ և Ձեր մշտական այցելուն դարձա:

    Ուրախ եմ, որ կա այս հիանալի բլոգը , որը նաև ռեսուրս է ծառայում մեր աշխատանքի համար:
    Այսքանը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.