«Առավոտ». 12,5 միլիոն դրամ

Լուսանկարը՝ «Առավոտ» օրաթերթի

Հենց այսքան է Կապանի անտառտնտեսությունում անտառախախտումներից առաջացած վնասը։

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 2009-2010թթ. «Հայանտառ» պետական ոչ առեւտրային կազմակերպության «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացրած տարեկան ստուգումների արդյունքում մեծ թվով անտառխախտումներ են արձանագրվել: Ըստ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի՝ անտառխախտումների նյութական վնասի չափը 12,5 միլիոն դրամ է կազմել: 2008-2009 թվ. համանման ստուգումների ժամանակ 750 հազար դրամի խախտում էր գրանցվել:

Կապանի անտառտնտեսության պետ Վլադիկ Միրզոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հայտնաբերված մեծաթիվ ապօրինի ծառահատումները իր պաշտոնավարման ժամանակ չեն եղել: «Ես 2010թ. փետրվարից եմ աշխատում այս կառույցում եւ իմ ղեկավարման օրից մինչեւ օրս ընդամենը 3 անտառխախտման դեպք է արձանագրվել: Եթե նախորդ տարիներին մեծ մեքենաները վառելափայտը բարձած շրջում էին քաղաքի թաղամասերով, փայտ վաճառում, ապա այսօր նման բանի հաստատ չեք հանդիպի: Այս տարի փայտը դեֆիցիտ է դարձել, խիստ հսկողություն ենք իրականացնում, որպեսզի օրինական դաշտով ծառահատում իրականացվի»,- ասում է Կապանի անտառտնտեսության պետը:

Այս տարի Կապանի անտառտնտեսությանը թույլատրվել է հատել ընդամենը 2500 խմ վառելափայտ եւ 16 անհատ մարդկանց հետ պայմանագրեր է կնքվել: Հատումներն իրականացնում են այդ մարդիկ՝ իրենց տեխնիկայով: «Մենք չունենք համապատասխան տեխնիկա, համապատասխան միջոցներ, որպեսզի կարողանանք հատումներ անել, պահեստավորել ու բավարարել պահանջարկը: Իսկ քանի որ հնարավորություն չունենք կատարելու առաջադրված պլանը՝ պայմանագրեր ենք կնքում անհատների հետ: Գազը թանկացել է, եւ խոսակցություններ կան, որ գազի սակագնի նոր թանկացում է սպասվում, մարդիկ սկսել են գազից խուսափել ու գալիս են դեպի անտառ, դա մեր գործը կրկնակի դժվարացնում է: Պահանջարկ՝ իհարկե կա: 1 խմ փայտն արժե 4320 դրամ, գումարած հատողների կատարած աշխատանքները՝ մոտ 4000 դրամ: Այսինքն՝ մոտավորապես 8 հազար դրամ կարժենա 1 խմ վառելափայտը»,- նշում է Կապանի անտառների թիվ մեկ պատասխանատու Վլադիկ Միրզոյանը:

Անտառին հարակից հատվածների գյուղերի համար անտառտնտեսությունը հատուկ ծրագիր է մշակել, որպեսզի զերծ մնան ապօրինի ծառահատումներից: «Միեւնույն է, գյուղացին օգտվելու է անտառից, պիտի վառարանը վառի: Մասնագետներ ենք ուղարկել Վաչագան, Ծավ, Սրաշեն եւ մի քանի այլ գյուղեր, հանդիպումներ ենք կազմակերպել գյուղացիների հետ, ցուցակագրել այն մարդկանց, ովքեր ձմեռվա համար վառելափայտ են ցանկանում գնել, եւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ թույլատրելի հատվածներում չափագրումներ են արվելու եւ ըստ դրանց հատումներ կատարվելու: Օրինակ՝ մեկ ծառը 4 կամ 5 խմ վառելափայտ է անելու, ասում ենք՝ արի դու քո ձեռով կտրի եւ մետրը 4320 դրամով տար, եթե չէ՝ պիտի դիմեն հատող անհատ մարդկանց եւ ավելի թանկ գնեն»,- նկատեց մեր զրուցակիցը:

Ձմեռն արդեն հեռու չէ, թե որքանով կարդարացնեն Կապանի անտառտնտեսության այս աշխատանքները՝ պարզ կլինի հետագայում միայն: Մինչ այդ Կապանի անտառտնտեսությունում փորձում են լուծել կառույցի համար կարեւորագույն՝ տեխնիկա ձեռք բերելու խնդիրը, սպասելով բնապահպանության նախարարության աջակցությանը:

ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ, «Առավոտ»

Advertisements

About Arshaluys Muradyan

ENPI FLEG Armenia Program Communications Coordinator
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.