«Հրապարակ». Լրագրողներին ճնշում են, որ ճշմարտությունը բացահայտվի

Դեռեւս օգոստոսի 31-ին «Հրապարակում» տպագրված «Ապօրինի ծառահատումներ Վանաձորում» հոդվածում պատմել էինք, որ Վանաձորի «Լոռի» հանգստյան տնից մոտ 2 կմ հեռավորության վրա 10 օր շարունակ անտառահատումներ էին տեղի ունեցել։ Մեզ ահազանգող քաղաքացու հետ հենց տեղում պարզեցինք, որ դրանք իրականություն են։ Մեր՝ անտառում գտնվելու պահին եւս ծառեր էին հատվում եւ գլորվում ձորը։ Համապատասխան լուսանկարներ եւ փաստեր արձանագրելուց հետո հաջորդ օրը եղանք Գուգարքի անտառտնտեսությունում՝ պարզելու` օրինակա՞ն են արդյոք կատարվող ծառահատումները, թե՞ ոչ։

Անտառտնտեսության պետ Անատոլի Մխիթարյանը մեզ վստահեցրեց, որ այդ վայրում իրենք հատատեղ չունեն, եւ, հետեւաբար, ծառահատումներն անօրինական էին։ Հոդվածին անմիջապես արձագանքեցին բնապահպանության նախարարությունն ու Գուգարքի ոստիկանությունը. նրանք վստահեցրին, որ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ անտառահատողներին հայտնաբերելու ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց բնապահպանության նախարարությունը հայտարարեց, որ մեր նշած վայրում հատվել է 11 ծառ, ինչն ուղղակի աբսուրդ էր թե մեր, թե մեզ ահազանգող բնապահպան ակտիվիստ Վահե Վարդումյանի համար, քանի որ անտառահատումները մասշտաբային էին այդ տարածքներում։
Բնապահպան ակտիվիստների պահանջով սեպտեմբերի 9-ին «Անտառային պետական մոնիտորինգ» կենտրոնի դաշտային բաժինը որոշել էր տեղում ուսումնասիրել, թե իրականում քանի ծառ է հատվել։ Մոնիտորինգին ներկա էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից, բնապահպան ակտիվիստներ Մարիամ Սուխուդյանն ու Վահե Վարդումյանը եւ 4 լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Հենց մոնիտորինգի ժամանակ էլ տեղի ունեցավ մի բան, որի մասին արդեն 1 ամսից ավելի է, խոսվում է։
Մոնիտորինգի ժամանակ, ինչպես նշեցի, բացի ինձնից կային նաեւ այլ լրագրողներ, որոնք, սակայն, մեզ հետ ինչ-ինչ պատճառներով անտառ չբարձրացան։ Նրանց փոխարեն մեզ էր միացել մեկը, ով ներկայացավ որպես այդ տարածքի անտառապահ։ Սակայն Գուգարքի անտառտնտեսությունից մեզ վստահեցրել էին, որ այդ անտառպետությունում իրենք երկար ժամանակ է, անտառապահ չունեն։ Ավելի ուշ հասկացանք, որ ոմն անտառապահի նպատակը մեզ լրտեսելն էր։ Դեռ նոր էինք բարձրացել անտառ, երբ հայտնաբերեցինք այն 11 հատված ծառերի կոճղերը, որոնք հայտնաբերել էր նաեւ բնապահպանության տեսչությունը, սակայն պետք է նշել, որ նույն այդ կնքված կոճղերի կողքին կային էլի ծառեր, որոնք, չգիտես ինչու, չէին համարակալվել։

Մոնիտորինգ իրականացնելիս մոտ մեկ ժամվա ընթացքում հատնաբերեցինք 88 հատված ծառերի կոճղեր, որոնք էլի չէին համարակալվել, այսինքն չէին «հայտնաբերվել», բայց հարկ է նշել, որ համապատասխան ռեսուրսների բացակայության եւ ժամանակի սղության պատճառով մենք անտառի միայն մի մասում շրջեցինք: Սակայն ամենայն պատասխանատվությամբ կարող եմ պնդել, որ նույն այդ աջ մասում հատված ծառերը հարյուրավոր էին։ Դեռ այդ ժամանակ մոնիտորինգի Երեւանի մասնագետները մեզ ասում  էին, որ իրենց նպատակը հատված ծառերի թիվը պարզելը չէ, այլ ուղղակի թիրախը հայտնաբերելը։

Հետո մոնիտորինգի խումբը փոխվեց, Երեւանի մասնագետների փոխարեն մեզ միացան Վանաձորի մասնագետները, որոնք պետք է մեզ հետ միասին բարձրանային անտառի մեկ այլ հատված: Բարձրացանք անտառ: Իսկ այդ նույն անտառապահ կոչվածը ողջ ճանապարհին մեզ համոզում էր, որ անտառահատումներ չեն կատարվում, եւ որ անիմաստ է մեր գնալը։ Այդ «անիմաստ» վայրում մենք հայտնաբերեցինք մոտ 28 հատված ծառ, չնայած դրանք ավելի շատ էին։ Մոնիտորինգն ավարտելուց հետո, արդեն ճանապարհին, մոնիտորինգի աշխատակիցներից մեկը մոտենում է Վահեին եւ խորհուրդ  տալիս հրապարակել այն թվերը, ինչ հրապարակել էր բնապահպանական տեսչությունը։

Արդեն, երբ հասել էինք «Լոռի» հանգստյան տանը, մեզ դիմավորեցին 2 ոստիկան, որոնք մինչեւ վերջ էլ ոչ ներկայացան, ոչ էլ ասացին, թե ինչ գործով են այդտեղ եկել: Հայտնվել էր նաեւ մեկը, ով իրեն անտառապետ էր կոչել, որը, սակայն, ավելի շատ քաղաքացիական համազգեստով ոստիկանի էր նման։ Իսկ մոնիտորինգի ղեկավարությունն արդեն անհետացել էր անտառից։ Թե ոստիկանները, թե այդ անծանոթ հյուրերը սկզբում փորձում էին բարոյախրատական ճառեր կարդալ մոնիտորինգի տվյալները  չհրապարակելու հետ կապված։

Մենք մի քանի ժամ սպասում էինք, որ որեւէ մեկը գար եւ մեզ քաղաք հասցներ։ Այդ ընթացքում մոնիտորինգի աշխատակիցները մեզ խորհուրդ էին տալիս, թե ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, որ թվերը հրապարակելը սխալ է եւ այլն։ Հետո ոստիկանները սկսեցին ինձ համոզել, որ որեւէ թիվ չհրապարակեմ, որ դրանով «անտառապետի տունն եմ քանդում», որ անտառապետին դատեն, ե՞ս եմ իրա երեխեքին պահելու, ու նման բաներ։ Իսկ երբ տեղեկացրի, որ ես արդեն հեռախոսով հրապարակել եմ թվերը, ասացին. «Շուտ զանգի հանել տուր, թիվ ընդհանրապես չդնես, կարող ա՞ ուզում ես դուշման հետ գցես», ու խոսակցությունը ստանում էր սպառնալիքների բնույթ։

Հետո էլ անտառապետը սկսեց՝ «պապաս նոր ա մահացել, երեխեքս եթիմ կմնան, եթե ինձ բռնեն, ուրեմն սաղ դու ես մեղավոր, ու հաստատ դեռ կտենանք իրար»: Բայց երբ ներկաներին հարցրեցի, թե արդյո՞ք մոնիտորինգը չի հրապարակելու իրական թվերը, բոլորը միաբերան պատասխանեցին. «Հրապարակելու ենք, բայց ոչ թվերը»: Այդ դեպքում այս մոնիտորինգ կոչվածն ուրեմն շոո՞ւ էր։ Հետո, երբ կրքերը թեժացան, ոստիկաններն էլ սկսեցին ինձ թշնամի ներկայացնել, ձայները բարձրացնել իմ վրա: Խոսակցությունը լսելով՝ մոտեցան Մարիամն ու Վահեն, եւ ամեն ինչ ավարտվեց։

Երեկոյան 20:00-ն անց էր, երբ վերադարձանք Վանաձոր, խոսակցությունը շարունակվեց սրճարանում, որտեղից կեսգիշերին մոնիտորինգի տղաները մեզ տարան Վանաձորի իրենց գրասենյակ, այնտեղ առերեսում արեցին իրենց աշխատակիցների հետ, արձանագրություն կազմեցին, մեզ էլ ստորագրել տվեցին։ Կարճ ասած՝ ճնշող ու զզվելի շոուն շարունակվում էր: Մեզ «ազատեցին» գիշերվա 12-ին մոտ։

Հետո հոկտեմբերի 16-ին ինձ զանգահարեց է Գուգարքի քննիչ Հրաչ Մարգարյանը եւ ասաց` որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակը հաղորդում է ներկայացրել դատախազություն` անտառում ձեր նկատմամբ տեղի ունեցած ճնշումների վերաբերյալ, եւ ինձ կանչում է հարցաքննության։ Թեեւ ծանուցագիր այդպես էլ չուղարկեցին, ես գնացի ոստիկանություն  եւ ամեն ինչ պատմեցի: Միայն վերջում իմացա, որ գտնվում եմ վկայի կարգավիճակում, սակայն «վկա» բառը անվանս դիմաց չեմ տեսել։ Ամեն ինչ սկզբից մինչեւ վերջ պատմելուց հետո քննիչը հարցրեց նաեւ ճնշումների մասին, դա էլ ասացի, սակայն նա գրեց, որ որեւէ մեկից ոչ մի բողոք, պահանջ չունեմ։

Քննիչին երբ հարցրի, թե ինչու են միայն ինձ կանչել՝ չէ որ կատարվածին ականատեսներ էլի կային, պատասխանեց, որ բոլորին էլ կանչելու են։ Սակայն 1 ամսից ավելի է՝ ոչ մի այլ վկայի չեն խոսեցրել։ Հետո քննիչն ասաց, որ ինձ կանչելու են առերեսման: Հարցրեցի՝ ո՞ւմ հետ, ասաց. «Բոլորի, նաեւ ծառ կտրողների»: Բայց չէ որ ես նրանց չեմ տեսել, ոչ էլ նրանց տվյալները գիտեմ։ Ավելի ուշ, երբ մամուլում աղմուկ բարձրացավ, իմացա, որ ոստիկանություն են հրավիրվել նաեւ մյուսները, սակայն «ծանուցագրով»։

Նշեմ, որ ինձ ոստիկանությունում հարցաքննության ժամանակ ոչ ոք չի ահաբեկել եւ չի սպառնացել, սակայն սոցիալական ցանցերում տարածվել էր հակառակը։ Մի բան պարզ է, որ ոստիկանությանը ոչ թե ծառ կտրողներն են հետաքրքրում, այլ լրագրողներն ու ծառահատումների դեմ պայքարողները: Գուցե այս քրեական գործը հարուցելով եւ ինձ հարցաքննության հրավիրելով ընդամենը ուզում են վախեցնել, որ այլեւս ոչ մի լրագրող կամ բնապահպան անտառ չգնա, կտրված ծառերը չլուսանկարի եւ հոդվածներ չգրի:

Էդուարդ Արզումանյան, Հրապարակ

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.