«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը դիմում է Երեւանի ավագանու անդամներին

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը Facebook-ում ունի մոտ 3800 աջակից

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության հրապարակային նամակը` Երևանի ավագանու անդամներին։

Երևան քաղաքի ավագանու անդամ պարոն…
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը 2010թ. մայիս ամսին նամակ էր հղել Ձեզ` խնդրելով որպես Երևանի ավագանու անդամ` բարձրացնել «Ուսանողական» այգում շինարարության դադարեցման և կանաչ գոտիների վերականգնման հարցը։ Չնայած Երևանի ավագանու ս.թ. հունիսի 18-ի նիստում տվյալ հարցի հակիրճ քննարկմանը` ստիպված ենք փաստել, որ խնդրի լուծման գործում մինչ օրս որևէ առաջընթաց չի արձանագրվել։

Վերստին դիմելով Ձեզ` ակնկալում ենք, որ Դուք Երևան քաղաքի ավագանու առաջիկա նստաշրջանում կօգտվեք «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով Երևան քաղաքի ավագանու և խմբակցության անդամներին վերապահված իրավունքներից ու ընտրողների առջև պարտականություններից և ձեռնամուխ կլինեք ոչ միայն «Ուսանողական» այգու անօրինական կառուցապատման խնդրի, այլև Երևանի բնապահպանական այլ հիմնախնդիրների համապարփակ քննարկմանն ու լուծմանը։

Ելնելով այն փաստից, որ քաղաքը հայտնվել է էկոլոգիական աղետի շեմին` պահանջում ենք հետևյալը.

— Երևան քաղաքի 2011 թվականի բյուջեի ծախսային մասում կրկնապատկել հանրային զբոսայգիների համար նախատեսվող միջոցները` ընդլայնելու և բարելավելու քաղաքի կանաչ տարածքների վերականգնմանն ու խնամքին ուղղված աշխատանքները: Առաջիկայում հատկապես առաջնահերթ ենք համարում «Ուսանողական» այգու, Գլխավոր պողոտայի այգու` Մաշտոց-Սարյան փողոցներով սահմանափակվող հատվածի, Օղակաձև զբոսայգու չվարձակալված տարածքների և Կոմիտասի անվան այգու բարեկարգումը:

— Ձեռնարկել քայլեր` վերահսկելու Երևանի քաղաքապետի կողմից «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 28.10.1998թ. «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N660 որոշման պահանջների կատարումը, որոնք, մեր դիտարկումներով, Երևանի քաղաքապետն առհասարակ չի իրականացնում:

— Ձեռնարկել կոնկրետ քայլեր` հանրությանը վերադարձնելու իր իսկ սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները` բացառելով դրանց հետագա ծառայեցումը զուտ մասնավոր շահին: Առաջարկում ենք մշակել և ներկայացնել Երևանի ավագանու որոշման նախագիծ, որի համաձայն` կարգելվեն նշված կանաչ տարածքների հետագա կառուցապատումը և առկա կառույցների «արդիականացումը», իսկ գործող վարձակալության պայմանագրերը կթարմացվեն շահագրգիռ հասարակայնության պատշաճ ծանուցմամբ և մասնակցությամբ: Առաջնահերթ քայլ ենք համարում կանաչ գոտիներում նախատեսվող, հաստատման ներկայացված շինարարական նախագծերի քննարկումները դադարեցնելը և դրանց նպատակահարմարությունը վերանայելը:

Հարկ ենք համարում նշել, որ հատկապես Երևանի կենտրոնում մնացել են ընդամենը մի քանի ծառախմբեր, որոնք այլևս չեն կարողանում բավարար թթվածին արտադրել շնչահեղձ լինող քաղաքացիների համար, ինչի մասին են վկայում մեր ձեռքի տակ եղած մի շարք փորձագիտական վերլուծություններ: Մինչդեռ, միայն վերջին 4 ամսվա ընթացքում մեր նախաձեռնությունը ստացել է քաղաքի ծառերի ոչնչացման 26 ահազանգ, որոնց մեծամասնության դեպքում այլևս հնարավոր չի եղել փրկել կանաչը:

Համարում ենք, որ ներկա իրավիճակում անհետաձգելի է Երևանի իշխանությունների կողմից ծանրակշիռ և արմատական քայլերի ձեռնարկումը` քաղաքի էկոլոգիական իրավիճակը բարելավելու ուղղությամբ։ Այդ նպատակով կարևորում ենք Ձեր` Երևանի ավագանու անդամներիդ ակտիվ, հրապարակային և հետևողական դիրքորոշումը բարձրացված հարցերի վերաբերյալ։

Նաև վստահ ենք, որ մեր առաջարկած քայլերը կնպաստեն ոչ միայն Երևան քաղաքի էկոլոգիական իրավիճակի բարելավմանը, այդ թվում` քաղաքային ստրեսի նվազեցմանը, այլև կհանգեցնեն սոցիալական լարվածության թուլացմանը` օժտելով երևանցիներին հավասար հնարավորություններով` իրագործելու սեփական հանգստի և առողջ ու բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը:

Ակնկալում ենք Ձեր արձագանքը մեր բարձրացրած հարցերին: Հայտնում ենք մեր պատրաստակամությունը հնարավորինս նպաստել նշված հիմնախնդիրների լուծմանը։

Հարգանքով՝

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամներ

Արթուր Ավթանդիլյան
Մարիամ Սուխուդյան
Լուսինե Բեքարյան
Սոնա Այվազյան

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.