«Առավոտ». Մեր անտառները խոցելի են

Լուսանկարը ըստ "Առավոտ"-ի

Հայաստանի Հանրապետությունն այն 70 սակավանտառ երկրներից է, որտեղ անտառածածկ տարածքը ընդհանուր մակերեսի 10 տոկոսից էլ քիչ է: Սակավ սաղարթածածկի պայմաններում անտառազրկումն առավել քան էական սպառնալիք է, որը կործանարար հետեւանքներ կարող է ունենալ շրջակա միջավայրի վրա, ինչպես նաեւ՝ եկամուտների նշանակալի կորստի պատճառ դառնալ:

Անտառազրկումը հիմնականում շինափայտի եւ վառելափայտի ստացման նպատակով իրականացվող ապօրինի հատումների հետեւանք է: Ապօրինի հատումներն ու փայտանյութի ապօրինի վաճառքը Հայաստանում արդեն տասնամյակից ավելի շարունակվող՝ չհարկվող միլիոնավոր դոլարների շրջանառություն ապահովող ոլորտ է: Վառելափայտի սպառումը տնային տնտեսությունների կողմից մեծապես պայմանավորված է աղքատության բարձր մակարդակով: Վառելափայտի սպառումը կարող է նվազել տնտեսական աճին համընթաց՝ երբ բարձրանում է մարդկանց բարեկեցության մակարդակը:

Այս տարի միայն ՀՀ պետական բյուջեով 708 միլիոն դրամ է նախատեսված անտառպահպանական եւ անտառվերականգնման ծառայությունների համար: Անտառվերականգնման աշխատանքների դերը շատ կարեւոր է մանավանդ Հայաստանի նման լեռնային եւ սակավանտառ երկրի համար: Հայաստանի անտառները հատկապես տուժեցին 1990-ական թվականների ճգնաժամային տարիներին՝ հատումները զանգվածային էին, անխնա եւ չվերահսկվող: Արդյունքում բարձրորակ հաճարի եւ կաղնու ծառուտները փոխարինվեցին ցածրարժեք բոխու եւ ղաժու ծառուտներով: Հետո էլ, երբ հատումները նվազել էին, ուշադրություն չէր դարձվում անտառվերականգնման աշխատանքներին՝ խնամք չէր տարվում մատղաշի նկատմամբ, ցանքսի եւ տնկման աշխատանքներ չկային: Այս ամենը նպաստեց տասնյակ սողանքների առաջացմանը եւ գետերի ցամաքեցմանը: Միայն վերջին տարիներին է ուշադրություն դարձվում անտառվերականգնման աշխատանքներին՝ հատկապես Սյունիքի մարզում: ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի իրականացման հիմնական տարածքը Սյունիքի մարզն է: Նախատեսված են հետեւյալ գործողությունները՝ կլիմայի փոփոխության հետեւանքների ռիսկերը լեռնաանտառային էկոհամակարգերի կառավարման մեջ ներգրավելու համար նպաստավոր պայմանների ստեղծում, կլիմայի փոփոխության հետեւանքների ռիսկերի վաղ ազդարարման ու արձագանքման համակարգի ստեղծում: Սյունիքի մարզի անտառտնտեսության Շուռնուխի անտառապետության տարածքում իրականացվում է մասնատված, հրդեհված եւ անտառային վնասատուներից վնասված անտառային տարածքների վերականգնման փորձնական ծրագիր:

Անտառի բնական վերականգնմանն աջակցող միջոցառումները՝ ինքնացանքի վերաճի խնամքը, հողի հանքայնացումը, լրատնկումը կամ լրացանքը, կոճղաշիվային վերաճի օժանդակումը եւ այլն նպաստում են արժեքավոր ծառատեսակների նոր սերնդի ծագմանն ու պահպանմանը: Այս ամենին կարող է լրացնել նաեւ մասնավոր հատվածին անտառտնկարանային տնտեսության զարգացման համար վարկեր տրամադրելը:

ՀՀ կառավարությունը հստակ տարանջատել է անտառների պահպանության եւ պաշտպանության, վերարտադրության, օգտագործման եւ այդ ոլորտում հսկողության եւ վերահսկողության գործառույթները ՀՀ գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունների միջեւ: Ներկայումս հանրապետության անտառները եւ անտառային հողերը գտնվում են պետական կառավարման երկու գերատեսչությունների՝ ՀՀ գյուղատնտեսության եւ բնապահպանության նախարարությունների ենթակայության տակ: Իսկ ահա բնության հատուկ պահպանվող տարածքները՝ ԲՀՊՏ տարբեր գերատեսչությունների ենթակայության տակ եւ չունեն միասնական կառավարում:

Անտառային ոլորտի եւ բնապահպանական օրենսդրության բազմաթիվ անհստակությունները հանգեցնում են անտառային տարածքների կառավարման համակարգի անկատարությանը: Որոշ արգելավայրերի ստեղծման նախադրյալները կորցրել են իրենց արդիականությունը, անհրաժեշտ է վերանայել դրանց սահմանները եւ պահպանության հիմնական օբյեկտները:

Սահմանների անհստակության պայմաններում իրականացվում է տարածքների չկանոնակարգված օգտագործում, որոնք չեն համապատասխանում նրանց պահպանության ռեժիմներին (անտառհատումներ, տարածքների ոչ նպատակային օգտագործում, հողազավթում, արածեցում, որսագողություն եւ այլն):

ՀՀ անտառային օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն, անտառներն ըստ հիմնական նպատակային նշանակության դասակարգվում են պաշտպանական, արտադրական եւ հատուկ նշանակության: Հատուկ նշանակության անտառների թվին են պատկանում նաեւ ԲՀՊՏ-ների անտառները՝ ներառյալ արգելավայրերը: Օրենսգիրքը չի սահմանում ԲՀՊՏ-ների համակարգում ընդգրկված անտառների կառավարման առանձնահատկությունները եւ գործառույթները:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների» մասին օրենքով, Հայաստանի պետական արգելավայրերը առանձին կատեգորիա են եւ միաժամանակ կարող են ընդգրկվել նաեւ ազգային պարկերի կառուցվածքում: Համաձայն օրենքի 7-րդ հոդվածի՝ ազգային պարկերի տարածքները բաժանվում են արգելոցային, ռեկրեացիոն եւ տնտեuական գոտիների: Համաձայն նույն հոդվածի 2-րդ մասի՝ ազգային պարկի uահմաններում կարող են ընդգրկվել պետական արգելավայրեր, այսինքն՝ պետական արգելավայրը կարող է հանդիսանալ ազգային պարկի գոտի: Սակայն համաձայն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի՝ պետական արգելավայրը հանդիսանում է այլ կատեգորիայի հատուկ պահպանվող տարածք:

ՀՀ ԳՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառուցվածքում ընդգրկված անտառային արգելավայրերը չունեն կանոնադրություններ եւ չեն բավարարում օրենսդրությամբ նախատեսված պահպանության եւ օգտագործման պահանջներին:

Անտառկառավարման պլանների մշակման հրահանգում բացակայում են՝ համայնքային անտառկառավարման պլանների մշակման առանձնահատկությունների վերաբերյալ դրույթները, օրինակ՝ պլանավորման ողջ ընթացքում համայնքի պարտադիր մասնակցությունը: Համայնքի մասնակցությունը պետք է ապահովվի նույնիսկ դաշտում տվյալների հավաքի ժամանակ, որպեսզի հնարավոր լինի վերահսկել պլանավորողներին, տեղում ստանալ ուսուցում եւ ավելի լավ հասկանալ պլանը, հաշվի առնել համայնքի շահերը, սոցիալական ուղղվածությունը եւ այլն:

Սոնա Հարությունյան
www.aravot.am

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հետազոտություններ, Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ, Բնաշխարհ, Կարծիք-ում և պիտակվել , , , , , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.