Եվ դարձյալ «Վիշապների կոթող» պուրակում իրականացվող ապօրինի շինարարության մասին

Երեւանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վիշապների կոթող» պուրակում ապօրինի շինարարական աշխատանքների վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունը եւս մեկ անգամ փաստում է, որ, ըստ էության, Երեւանի քաղաքապետը պաշտոնապես է հաստատում իր դիրքորոշումը, այն է` կանաչ տարածքների հաշվին թույլատրել կառուցապատում իրականացնելը, ինչը նախկին քաղաքապետերի անօրինական (ընդհուպ` քրեորեն պատժելի) գործունեության շարունակականությունն ապահովելու ապացույցներից հերթականն է:

Նախկին քաղաքապետերը Գագիկ Բեգլարյանին Երեւանի կենտրոնը ապօրինի կառուցապատելու (կանաչազրկելու) «ժառանգություն» գրեթե չեն թողել, եւ այս տեսանկյունից նա այդ ժառանգությունից զրկված քաղաքապետ է, հետեւաբար, ապօրինությունների շարունակականությունն ապահովելու համար քաղաքապետարանին ոչինչ չէր մնում անել, քան որդեգրել, ինչպես ասվում է հաղորդագրության մեջ` « …մայրաքաղաքի կենտրոնը շինարարությունից բեռնաթափելու եւ այն մայրաքաղաքի ծայրամասեր տեղափոխելու քաղաքականություն եւ հավանություն է տալու այս ուղղությամբ կառուցողական բոլոր այն նախագծերին, որոնք բխում են Երեւանի եւ երեւանցու շահերից» մոտեցումը:

Կարծում ենք` «Վիշապների կոթող» պուրակից ապօրինի օտարված կանաչապատ տարածքում շինարարության թույլտվությունը բխում է «իր նման երեւանցու եւ Երեւանն առանց կանաչ տարածքների պատկերացում ունեցող անձի» շահերից:

Ինչ վերաբերում է հաղորդագրությունից սույն մեջբերմանը` «հավանություն է տալու այս ուղղությամբ կառուցողական բոլոր այն նախագծերին…», ապա սա նույնպես փաստում է, որ Գագիկ Բեգլարյանն աջակիցն ու հովանավորն է դեռեւս խորհրդային տարիներից ժառանգած` կանաչ տարածքների ապօրինի օտարման փաստերը հանդուրժելուն եւ այդ տարածքները շինարարական հրապարակի վերածելը թույլատրելուն:

Վերոնշյալ հաղորդագրությունը միանշանակ վկայում է քաղաքապետի կողմից ապօրինի գործունեությունը հովանավորելու մասին` լրացնելով օրեր առաջ ԶԼՄ-ներով տարածված` «Վիշապների կոթող» պուրակի վերաբերյալ նրա կողմից արված հայտարարությունները: Այս հաղորդագրությամբ փորձ է արվել տարածել ապատեղեկատվություն եւ քողարկել Երեւանի քաղաքապետարանի ապօրինի գործունեությունը:

Մասնավորապես, մեջբերում հաղորդագրությունից. « …Գայի պող. հ.19/71 հասցեով 1800.0 քմ հողամասը Երեւանի քաղաքապետի 2002թ. փետրվարի 5-ի հ.164 որոշմամբ հատկացված 3800.0 քմ հողամասի մի հատվածն է, որը ներկայումս սեփականության իրավունքով պատկանում է քաղ. Ռ. Կարախանյանին… », «…Քաղաքապետի դիրքորոշումը միանշանակ հետեւյալն է. այգու տարածքում որեւէ ծառ չպետք է հատվի եւ որեւէ կառուցապատում չպետք է իրականացվի, եթե այն խանգարում է այգու ֆունկցիոնալ գործունեությանը: Իսկ եթե որեւէ կառուցապատում դուրս է այգու սահմաններից, չի խանգարում այգուն եւ համապատասխանում է կառուցապատման պահանջվող չափանիշերին, ապա ինչո՞ւ ոչ, կարելի է կառուցել: Առավել եւս, եթե խոսքը բնակելի շենքի մասին է…»: «…Դեռեւս 2002թ.-ից սեփականաշնորհված տվյալ տարածքի համար տարբեր ժամանակահատվածներում սեփականատերերի կողմից եղել են կառուցապատման բազմաբնույթ առաջարկներ՝ սկսած գազալիցքավորման կայանից մինչեւ առեւտրի եւ ժամանցի կենտրոն, բազմահարկ օֆիսային շենք եւ նմանատիպ այլ հասարակական բնույթի կառույցներ, որոնք քաղաքապետարանի կողմից մերժվել են: Բնակելի տուն կառուցելու ներկա սեփականատիրոջ առաջարկին տրվել է նախապատվություն, քանի որ այն համահունչ է տվյալ միջավայրին եւ անմիջապես հարակից է բնակելի կառուցապատմանը… »:

Մինչդեռ, 2002 թվականից անօրինական ճանապարհով օտարված 1800.0 քմ հողամասը «Վիշապների կոթող» պուրակի ԱՆԲԱԺԱՆԵԼԻ մասն է, եւ սկսած խորհրդային տարիներից մինչ օրս` շուրջ 40 տարի, այն ՄԻԱՍՆԱԿԱՆ տեսքով է ծառայում իր նպատակին:

Սա կանաչապատ տարածք է եւ, բնականաբար, քաղաքապետի կողմից թույլատրված կառուցապատման հետեւանքով պուրակի ֆունկցիոնալ գործունեությունը լիովին խաթարվելու է: Փաստորեն, կառուցապատողն ու թույլտվություն տվողը փորձում են անդամահատել կենդանի, ամբողջական եւ ինքնատիպ համակարգի մի մասը (որը կազմում է 3.600.0 քմ)` տալով այն ձեւակերպումը, թե դա «դուրս է այգու սահմաններից, չի խանգարում այգուն եւ համապատասխանում է կառուցապատման պահանջվող չափանիշերին»:

Այնինչ օրեր առաջ կառուցապատողների կողմից, ի թիվս ծառահատումների եւ ապօրինի շինարարության բոլոր հետեւանքների, արդեն ցանկապատվել-օղակվել էր այգու գեղեցիկ հուշակոթողներից մեկը, եւ մենք, տարածքի բնակիչների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ, այգում բարեկարգման, ծառատնկման եւ ապօրինությունը կանխելուն միտված մեր աշխատանքի շրջանակներում քանդեցինք հուշակոթողներից մեկին գերեվարած այդ ցանկապատը:

Մենք` նաեւ որպես մեր մայրաքաղաքի կանաչազրկմանն ընդդիմացողներ, Երեւանի բնակիչներ եւ ՀՀ քաղաքացիներ, դիմում ենք Երեւանի քաղաքապետարանին. մի փորձեք տարածել ապատեղեկատվություն «Վիշապների կոթող» պուրակի անմիջապես հարեւանությամբ բնակելի շենք կառուցապատելու մասին: Նման կառուցապատում գոյություն չունի եւ հասկանալով հանդերձ զավթողի ագահ մտայնությունը կոծկելու քողարկված նպատակը` միեւնույն է, խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ հանրությանը մոլորեցնելու փորձերից:

Իհարկե, բնակելի շենքի կառուցումը ողջունելի է, եթե դա չի իրականացվում կանաչ տարածքները ոչնչացնելու հաշվին եւ կառուցվում է մեծն Թամանյանի ժառանգությանը եւ ոգուն համապատասխան: Իսկ այն, ինչ որ փորձում են իրականացնել քաղաքապետն ու կառուցապատողը, փաստացի որեւէ աղերս չունի բարի մտադրությունների, օրինականության եւ կանաչ տարածքի պահպանման հետ:

Պարոն Գագիկ Բեգլարյան, եթե առաջնորդվում եք արդարության եւ օրինականության պահպանման սկզբունքներով, ապա ինչո՞ւ եք լռում 2002 թվականից անօրինական ճանապարհով օտարված տարածքի մասին, ինչո՞ւ չեք նշում, որ խախտվել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջը, այն է’ հրապարակները, փողոցները, ճանապարհները, գետափերը, զբոսայգիները, պուրակները, այգիները, լողափերը եւ ընդհանուր օգտագործման այլ տարածքները օտարման ենթակա չեն: Եթե այս հարցում, որպես քաղաքապետ, Ձեր գործողություններն օրինական եւ արդար են, ապա ինչո՞ւ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն չեք ցանկացել իրականացնել եւ հաշվի չեք առել ազդագիր համայնքի բնակչության կարծիքը: Ինչո՞ւ հաշվի չեք առել, թեպետ անօրինական կարգով, այսպես կոչված` սեփականատեր Ռուբեն Կարախանյանին տված սփականության իրավունքի վկայականում նշված հողի օգտագործման նպատակը, որով ամրագրված է, որ տվյալ հողի նպատակային նշանակությունը հանգստի գոտի կազմակերպելն է, այլ ոչ թե բազմաբնակարանային, բազմահարկ շենքի կամ այլ շինություն տեղադրելը:

Նաեւ վերջում ուզում ենք հիշեցման կարգով հայտարարել, որ, ինչպես ՀՀԿ-ի կողմից իբրեւ թե պահպանվող պուրակի ներկայիս պաշտպանությունն առկա ոտնձգությունից իրականացնում ենք մենք, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւ համայնքի բնակիչները, այնպես էլ մեր հայրենիքի ու սերունդների ապահով ապագան կերտելու եւ պաշտպանելու ենք դարձյալ մենք, ՀՀ քաղաքացիները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները… (ընդդեմ տարատեսակ ներքին ու արտաքին ոտնձգությունների): Եվ տեղեկացնենք քաղաքապետին ու իր գործընկերներին` հետեւողական պայքարի շնորհիվ հասնելու ենք այն վերջնարդյունքին, որ «Վիշապների կոթող» պուրակը ՄԻԱՍՆԱԿԱՆ տեսքով շարունակի ծառայել իր նպատակին` որպես հասարակական նշանակության եւ պատմաժառանգության հինավուրց ու տեսարժան գեղեցիկ վայր եւ հանգստի գոտի:

«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միություն

«Վիշապների կոթող» ճակատագրով հետաքրքրված քաղաքացիների խումբ

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հայտարարություններ-ում և պիտակվել , , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.