Ինչո՞ւ է քաղաքապետը ծառերը հատում

Լուսանկարը` Գալուստ Նանյանի

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակցի եւ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանի հետ լրագրողների հանդիպման ժամանակ սենյակի դուռը հանկարծակի բացում է Ճամբարակի Հերոսների պուրակը ծառահատող բանվորներից մեկը եւ դիմում քաղաքապետին` չիմանալով, թե ովքեր են ներսում հավաքվածները. «Պարո՛ն քաղաքապետ, Ձեր մեքենան խանգարում ա, որ էն մի ծառն էլ կտրենք…»:

Արդեն մի քանի օր է՝ «հնձվում են» ոչ միայն քաղաքի Հերոսների պուրակի, այլեւ քաղաքի անկյուններում թաքնված ծառերը: «Ծառերը չորանում են, դրա համար ենք կտրում: Նայեք, էն վերեւը չորացել ա»,- որոշ ժամանակ անց ասաց պուրակը ծառահատող բանվորներից մյուսը: «Մենք սիրունացնում ենք պուրակը: Սրանք 80 տարվա ծառեր են, մենք ներքեւից չենք կտրում, եթե ներքեւից կտրենք՝ չեն աճի: 2-3 մետրից ենք կտրում: Հիմի, նաղդի, մի 15 հատ ա մնացել»,- ասաց Ռոբերտ Շուշանյանը:

Ըստ բանվորների՝ հատված ծառերը տրամադրելու են քաղաքի դպրոցներին ու մանկապարտեզներին: Պուրակից կտրել են 30 ծառեր, որ, նրանց հաշվարկներով, կազմելու է շուրջ 20 խորանարդ մետր: «Բացի մանկապարտեզներից ու դպրոցներից, մենք օգնում ենք նաեւ քյասիբներին, զոհվածների ընտանիքներին: Իրանց էլ ենք փայտ տալիս»,- նկատեց բանվորներից մեկը: «Ի՞նչ եք օգնում է, է՜: 8 ճյախ են քցել մի մեքենա, պերալ մեր տուն: Էդ նշանակում ա՝ օգնո՞ւմ եք: Ես եմ տարալ, թե Հրանդիկն ա տարալ»,- ի պատասխան ծառահատների՝ ասաց ճամբարակցի Արեւիկ տատը՝ մի տեսակ կարոտով նայելով կտրվող ծառերին:

«Քաղաքապետը կարգադրել էր, ասել էր՝ մի մաշին փետ տարեք էդ կնկա համար, բայց 8 ճյախը քանի՞ օր պիտի վառեմ, ի՜նչ եմ անում…»,- ավելացրեց միայնակ թոշակառու տատը՝ ձեռնափայտով հրելով թափված ճյուղերը: Հարցին, թե տեղի Բնապահպանական տեսչությունը տեղյա՞կ է ծառահատումների մասին, բանվորները պատասխանեցին. «Բա ո՞նց, գիտեն: Քաղաքապետից հարցրեք: Մենք բանվոր ենք»: «Սանիտարական էտումներ են կատարվում: Անցած տարի մենք սկսեցինք հատել մի հատվածը, որովհետեւ այգում արդեն խնդիր էր առաջացել՝ ծառերը չորանում էին: Իհարկե, մենք մասնագիտական ուսումնասիրություններ կատարեցինք, ու ծառերը պաշտպանելու համար՝ ծառերի էտում սկսեցինք կատարել»,- ասաց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը: Վերջինիս հավաստմամբ՝ նախորդ տարվա ծառահատումների ծրագիրը բավական արդյունավետ էր: «Կտրված ծառերը բավականին աճ էին տվել ու շատ սիրունացել էին, եւ նոր նախադրյալներ կան մնացած հատվածը կտրելու, այգին սիրունացնելու առումով»,- հայտարարեց քաղաքապետը:

Քաղաքի ղեկավարի փոխանցմամբ՝ այս տարվա հիմնական հատումներն արվել են քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում, որտեղ ասֆալտապատման ու փողոցների լուսավորման աշխատանքները ենթադրում էին անհրաժեշտ ծառահատումներ: «Այսինքն՝ դա ոչ թե կոչվում ա ծառերի հատում, այլ էտում, որը նշանակում է, որ մյուս տարվանից էդ ծառերը նորից աճելու են եւ նորմալ տեսք են ունենալու»,- նկատեց քաղաքապետը: Նրա փոխանցմամբ՝ նախորդ տարի «էտման» աշխատանքներ «մի քիչ» շատ կատարեցին, եւ ստացված փայտը տրամադրեցին մանկապարտեզներին ու սոցիալապես անապահով ընտանիքներին: Ընդ որում՝ վառելափայտը տրամադրում են անվճար:

«Մենք նաեւ ազգային պարկից վառելափայտ ստացանք եւ տվեցինք սոցիալապես անապահով ընտանիքներին: Բաժանեցինք»,- շարունակեց Յու. Ավալյանը՝ հաշվարկելով այս տարի քաղաքի ծառերից ստացած վառելափայտի քանակը: «Ուղղակի էս տարի քանակությունը շատ չէ, եւ նախատեսել ենք գոնե 2 տարվա համար մանկապարտեզներին հատկացնել, որ ջեռուցման խնդիր չունենանք»,- ասաց քաղաքապետը` ավելացնելով, որ նախորդ տարի սոցիալապես անապահով ընտանիքները 100խմ վառելափայտ են ստացել: Քաղաքապետի հավաստմամբ՝ դա նշանակում է, որ 100 ընտանիքների փայտ են բաժանել:

Իսկ արդյոք Գեղարքունիքի մարզի Բնապահպանական տեսչությունը որեւէ մասնագիտական գնահատական տվե՞լ է քաղաքի ծառահատումներին: Յու. Ավալյանն այս կապակցությամբ ասաց. «Մենք բանավոր ճշտումներ ենք կատարել մարզի բնապահպանական ծառայությունների հետ անցած տարվանից սկսած: Իրենք նաեւ ժամանակացույց ասացին, որ մենք կարող ենք կտրել էս ամիսների ընթացքում եւ գարունը, ուղղակի, քանի որ եղանակներից ավելի հարմար ա մեզ մոտ աշունը, մենք սկսեցինք: Դա եղել ա միայն բանավոր պայմանավորվածություն»:

Քաղաքապետը հանգամանորեն խոսեց իրենց «ազգանվեր» գործի մասին: Ասում է` ծառերը տարիքով են, եւ անցյալ տարի 20 չորացած ծառ են հիմնահատակ կտրել: Սակայն քաղաքապետը դժվարացավ պատասխանել մեր այն հարցին, թե նախորդ տարի քանի՞ խորանարդ մետր վառելափայտ են հատկացրել մանկապարտեզներին, որոնց անունն այդքան շահարկվում է: Նա խոստացավ տվյալները վերցնել քաղաքապետարանի քարտուղարությունից: Ինչեւէ, եթե 2009թ. հատվում էին բարդիները, ապա այս տարի մնացել են հացենիների հույսին: «Ծառահնձի», իսկ, ավելի ճիշտ՝ քաղաքի մանկապարտեզների ջեռուցման նպատակով նախատեսված է 90 ծառերի հատում: Ընդ որում՝ այս տարի ծառերի նման քանակությունը թույլ չի տալիս ամբողջությամբ օգնել սոցիալապես անապահով ընտանիքներին:

«Մենք բաժանելու ենք մանկապարտեզներին ու մնացյալ ենթակառուցվածքներին»,- կրկին ընդգծեց քաղաքապետ Ավալյանը: Պարզվում է, որ քաղաքապետարանում անգամ համապատասխան հանձնաժողով է ձեւավորվել՝ հատվելիք ծառերը խորանարդ մետրերով հաշվարկելու համար: Հաշվարկները ցույց են տալիս, որ այս տարի, ինչպես քաղաքապետն ասաց, ծառահատումներից կստանան 50-55 խմ, որից 16-18խմ վառելափայտը մանկապարտեզներին տրվելու է 2 տարվա ջեռուցման համար: Մանկապարտեզները 2 տարվա ջեռուցման համար ստանալու են 16-18 խմ փայտ: Իսկ քաղաքում գործում է 2 մանկապարտեզ՝ նախկին 12-ի փոխարեն:

Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.