Արարատյան դաշտը անապատացման առջև է

Հայաստանը էկոլոգիական աղետի շեմին է, թերեւս ավելի ճիշտ կլինի ասել՝ աղետն արդեն սկսված է, բայց, ցավոք, բոլորը չէ, որ գիտակցում են դա։ Չե՜ն գիտակցում՝ չնայած նույնիսկ ակնհայտ եւ անժխտելի իրողություններին. ձկնազուրկ դարձած Սեւանա լիճ, նույն լճի շարունակվող ապականում եւ այնտեղ կուտակված ահռելի զանգվածի օրգանական նյութի քայքայման արգասիքներով Սեւանի գնալով ահագնացող թունավորում, անօրինականորեն եւ «օրինականորեն» հատվող ու նոսրացող անտառ, հանքարդյունաբերության անզուսպ, անխոհեմ զարգացում եւ շրջակա միջավայրի աղտոտում…

Այս ամենը կարծես քիչ է, առանց ստորգետնյա ջրային պաշարները հաշվի առնելու, ձկնաբուծության հախուռն, հիմնականում շահամոլությամբ թելադրված զարգացման հետեւանքով Արարատյան դաշտում սկսվել է անապատացման գործընթացը։

Ըստ ջրային պետական կոմիտեի «Մելիորացիա» ՓԲԸ-ի տնօրեն Վովա Թադեւոսյանի. «Դրենաժները, որ սնվում են ե՜ւ անձրեւաջրերից, ե՜ւ ընդերքի ջրերից, ցամաքում են, հատկապես այն հատվածում, որտեղ խիտ են ձկնաբուծարանները»։ Իսկ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Սանասար Բաղդասարյանի տեղեկացմամբ, Արմավիրի մարզպետի կարգադրությամբ դեռ 2007թ. կատարված ուսումնասիրությունները պարզել են, որ տարերայնորեն է իրականացվում ձկնաբուծական նպատակով խորքային հորերի հորատումը։

Ավելին. 2009թ. վարչապետի վերահսկողական ծառայությունը Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ արտեզյան ջրապաշարների օգտագործման առնչությամբ ուսումնասիրություններ կատարելով, բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել եւ մի շարք խնդիրներ արձանագրել։

Հիմնախնդիրը ոչ միայն Արմավիրի, այլեւ Արարատի մարզում է։ Նշված մարզերի բազմաթիվ գյուղական համայնքներում ստորգետնյա եթե ոչ ավելի մեծաթիվ, ապա հարյուրից ավելի աղբյուրներ չորացել են, շատ այլ աղբյուրներ էլ մոտ են ցամաքելուն։ Բազմաթիվ տնտեսություններ այլեւս չեն կարողանում ոռոգել իրենց հողամասերը։

Խմելու եւ ոռոգման ջրի սակավության խնդիրը հատկապես սուր է Արմավիրի մարզի Գրիբոյեդով, Ապագա, Արարատի մարզի Հովտաշատ եւ Հայանիստ եւ մի քանի այլ գյուղերում։ Նշված համայնքներից վերջինում գյուղատնտեսական նշանակության հողերի չնչին մասն է ոռոգվում։ Միայն Հովտաշատում ավելի քան 30 ձկնաբուծարան կա, եւ հիմնականում դրանց հետեւանքով է, որ այստեղի 98 արտեզյան աղբյուրների մոտ կեսն արդեն ցամաքել է։ Հայանիստի տարածքում 4 ձկնաբուծարան կա, այստեղ 90-ականներին հաշվառված 80 աղբյուրներից այսօր ջուր է արտամղվում միայն մոտ 20-ից։

Այս եւ բազմաթիվ այլ գյուղերի արտեզյան ջրհորերում ջրի մակարդակն իջել է ստորերկրյա ջրային պաշարների նվազման, նաեւ այն պատճառով, որ ձկնաբուծարանների տերերի հորատած հորատանցքերի խորությունը գրեթե կրկնակի ավելի է, քան մինչ այդ խմելու եւ ոռոգման ջուր ստանալու նպատակով հորատված հորատանցքերինը։

Ընդգծենք, որ խնդիրը միայն այն չէ, որ բնապահպանության նախարարությունը արտեզյան ջրհորերի հորատման, ջրօգտագործման թույլտվություններ տալով, հսկողություն չի իրականացրել ձկնաբույծների կողմից ջրի օգտագործման նկատմամբ, ինչի հետեւանքով ջուրն այսօր էլ շռայլվում է։

«Հորատումն իրականացվում է առանց հիմնավորված հաշվարկների, այդ իսկ պատճառով առանձին համայնքներում (Գայ, Լուսագյուղ, Գրիբոյեդով եւ Ջրառատ) 500-10 000 քմ մակերեսի վրա հորատվել են 4-7 հորեր»,- ասել է Ս.Բաղդասարյանը եւ ավելացրել, որ հորերի հորատումը եւ հետագա շահագործումը չի վերահսկվում։

Կարելի է ենթադրել, թե բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի, ինչպես նաեւ ներկայիս նախարարի պաշտոնավարության օրոք նախարարությունը ձկնաբուծությամբ զբաղվողներին ինչո՞ւ է անխնա, շռայլորեն բաժանել ջրօգտագործման թույլտվություններ, ինչը, անշուշտ, չի նշանակում, թե այդ թույլտվություններն ամեն մի ցանկացողի տրվել են հեշտությամբ, հենց այնպես։ Սակայն սա այլ խնդիր եւ այլ թեմա է։

«Արարատյան դաշտավայրի ջրերի պաշարները վերջին 2-3 տարիներին լրջորեն նվազել են, եւ դա խնդիր է,- նշել է հիմնախնդրի քննարկման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։ -Արարատյան դաշտավայրի ջուրը միայն ձկնարդյունաբերության համար չէ, նաեւ խմելու եւ ոռոգման համար է։ Պետք է լուծում գտնենք, որ մեր ջրի պաշարներն անխնա չօգտագործվեն եւ փաստի առաջ չկանգնենք»։

Ցավոք, փաստի առաջ արդեն կանգնել ենք, կանգնելն էլ ինչպե՞ս է լինում։ Այլ խնդիր է, որ ամեն ինչ պետք է անել (սկսած ջրաչափերի տեղադրումից եւ Արարատյան դաշտում ձկնաբուծության նպատակով նոր հորերի հորատումը, եղած հորերի խորացումը կառավարության որոշմամբ արգելելուց)՝ արդեն վատթարից խուսափելու համար։ Արարատյան դաշտի 234 ձկնաբուծարանները տարեկան 800 մլն խմ ջուր են օգտագործում, այսինքն՝ մոտ 5 անգամ ավելին, քան Սեւանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջուրը։

Կարող է հարց առաջանալ, թե այդ ահռելի ծավալի ջուրը, ի վերջո, ի՞նչ է լինում։ Պատասխանենք հակիրճ. մի մասը լցվում է դրենաժային համակարգ եւ որոշ տեղերում հողերի գերխոնավացման ու ճահճացման հանգեցնում, իսկ հիմնական մասը Սեւ ջուր եւ Հրազդան գետերով, այլ ճանապարհներով լցվում է Արաքս, գնում, բաժին դառնում օտարին։

Եթե համայնքի տարածքում շուրջ մեկ տասնյակ ձկնաբուծարաններ կան, որոնց տերերի մի մասը նույնիսկ 2 եւ ավելի խորքային հորեր են բացել ու շահագործում, ապա տվյալ գյուղում եւ հարակից տարածքներում էլ որտեղի՞ց ոռոգման ջուր լինի։

Քանի որ ձկնաբուծական տնտեսությունները արտեզյան հորերից ջուրն ավելի մեծ խորություններից են վերցնում, ապա դառը փորձից ելնելով, սպասվում է, որ այս տարի ոռոգման նպատակով շահագործվող հորերի մի մասից հաջորդ կամ մյուս տարի այլեւս հնարավոր չի լինի ջուր վերցնել։ Ընդերքի ջրային պաշարներն այլեւս չեն բավականացնում, չեն հասցնում վերականգնվել։ Շատ տեղերում չի օգնում նույնիսկ պոմպերի առկայությունը։

Վաղը, մյուս օրը, որ ջրազրկման պատճառով բնակիչները գյուղերից հեռացան, գյուղերը դատարկվեցին, գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կտրուկ նվազեց, մրգերի եւ բանջարեղենների գները նույնիսկ ներկայիս գներից մի քանի անգամ բարձրացան, ո՞վ է պատասխան տալու։ Պետությունը ծառացող հիմնախնդիրները թեկուզ մասամբ հաղթահարելու համար ինչ ահռելի գումարներ է ծախսելու եւ եթե ոչ Սեւանա լճից, էլ որտեղի՞ց է ջուր հասցնելու չորացող կամ արդեն չորացած դաշտերին եւ այգիներին (դա էլ ոչ բոլոր տարածքներում հնարավոր կլինի)։

Ընդգծենք, որ խնդիրները բացառապես կամ գրեթե բացառապես ձկնաբուծական տնտեսությունների պատճառով են առաջացել, քանի որ Արարատյան դաշտում մարդիկ մինչ այդ էլ խմելու եւ ոռոգման նպատակով տասնամյակներ շարունակ օգտվել են արտեզյան ջրերից, բայց հորերը զանգվածաբար չեն ցամաքել, ինքնաշատրվանող հորերը հարյուրներով կամ տասնյակներով չեն դադարել ինքնաշատրվանելուց, ինչպես հիմա։

Կարծում ենք, անթույլատրելի է Հայաստանում ձկնաբուծության, ձկնարդյունաբերության զարգացման անվան տակ արտեզյան ջրհորերի հետագա շահագործումն առանց ջրաչափերի, քանի որ հակառակ պարագայում Արարատյան դաշտը մոտ մեկ տասնամյակից կանապատանա, իսկ տեղի բնակչության մեծ մասը, թողնելով բնակավայրերը, կսկզբնավորի արտագաղթի մի նոր եւ ավելի մեծ ալիք։

Արմենակ Հայրյան, Հայոց Աշխարհ
Նյութը արտատպվում է http://www.IWPR.net, «Կովկասյան լրատուից»

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.