Ժամանակն է, որ խլածը վերադարձնենք բնությանը

Լուսանկարը` ըստ նյութի հեղինակի

Անտառպահպանական կառույցները վերածվել են ընդամենը աշխատավարձ ստացողների

Գեղարքունիքի մարզի անտառածածկ տարածքներն ընդգրկում են 26 հազար հեկտար, 14 հազարը բնական անտառներ են` սփռված Գետիկ գետի ավազանում, իսկ մնացածը Սևանա լիճը գոտևորողներն են, որոնք հիմնվել են անցած դարի երկրորդ կեսերից՝ Սևանի մակարդակի իջեցման պատճառով: Այս վիճակագրությունը ճիշտ և տեղին էր մինչև 1991 թվականի վերջերը, երբ մարզն իսկապես ուներ խնամված-պահպանված ու խիտ անտառներ, որտեղ անգամ տեղաշարժվելն էր դժվար: Այնքան անտառանյութ կար՝ նույնիսկ չգիտեին, թե ինչ անեն: Բայց հիմա…

«Հիմա 26 հազար հեկտար անտառային հողեր ունենք, սակայն հստակ վիճակագրություն չկա, թե իրականում որքանն է անտառածածկ մնացել: Դա կարևոր է, քանի որ մեր մարզում ծառերի անխնա հատումներից առաջ անտառածածկ տարածքը եղել է ընդամենը 6 տոկոս,—ասում է Գեղարքունիքի մարզպետի օգնական Խոսրով Խլղաթյանը:- Անտառների հանդեպ այդ վերաբերմունքը մեզանում ձևավորվել էր բոլորիս հայտնի պատճառներով: Եվ դեռ լավ էր, որ էներգետիկական ճգնաժամի տարիներին բնական և արհեստական անտառներում վառելիքի հսկայական պաշարներ ունեինք: Այլապես ինչո՞վ և ինչպե՞ս էինք դիմակայելու այս բարձրադիր, տարվա շուրջ կեսը ձմեռային եղանակ ունեցող լեռնաշխարհում: Բարեբախտաբար լավ ժամանակներ եկան, բնական գազը կրկին մուտք գործեց մեր կենցաղ, շատերը մոռացան անտառ տանող ճանապարհը, այն աստիճանաբար ազատվեց սղոցի ու կացնի գրոհներից: Եվ պահը եկավ, երբ մենք բնությանը պետք է վերադարձնեինք այն, ինչը նրանից խլել էինք 8-10 տարի շարունակ»:

Մինչդեռ մարզում անտառպահպանության և անտառվերականգնման գործընթացը «բախվում է լուրջ խոչընդոտների և դա՝ ոչ այնքան անհոգի վերաբերմունքի, որքան կառավարման և տնտեսավարման սխալ մոտեցումների պատճառով»:
Անզեն աչքով էլ կարելի է նկատել, որ Սևանը գոտևորող անտառների շատ հատվածներ վերածվել են բացատների կամ մացառուտների: Վիճակը հատկապես տխուր է Վարդենիսի տարածքում, ուր նախկին անտառից չգիտես, թե ինչ է մնացել, օրինակ Նորատուսի անտառտնտեսության տարածքում ուռենի ու բարդի գրեթե չկա: Պարոն Խլղաթյանի հավաստմամբ վաստակաշատ անտառաբույծները նույնպես դա խոստովանում են՝ այսօր անչափ դժվար է անտառվերականգնման աշխատանքներ իրականացնելը: Նախկին անձնակազմի մի մասն այսօր էլ պատրաստ է եռանդով աշխատել… բայց ի՞նչն է նրանց խանգարում: Պարզվում է՝ խանգարող հանգամանքներ կան և դրանք բավականին լուրջ են:

Ժամանակին գործում էր «Հայանտառ» միավորումը, նրա կազմում կար հինգ անտառտնտեսություն, որոնք ծառեր էին տնկում, խնամում, հատումներ և սանմաքրում կատարում` միաժամանակ զբաղվում անասնապահական և մեղվաբուծական տնտեսություններով: Այդ հիմնարկները տարիների ընթացքում այնքան զարգացան՝ միջոցներ գտան` անտառապատումը նաև լեռնային քարքարոտ ու ամայի տարածքների հարյուրավոր հեկտարների վրա շարունակելու համար: Բացի պետբյուջեի գումարներից` «Հայանտառը» որպես ֆինանսական ազատ միջոցներ տնօրինող կազմակերպություն` հանրապետության մյուս անտառտնտեսություններից միջոցներ էր գտնում և ծառապատում նաև Սևանի ավազանի լերկ տարածքները:

«Ավագ սերունդը լավ հիշում է, թե մեր անտառտնտեսությունները ինչ ջանքերով կարողացան ժեռուտների վրա, թեքություններում, սարավանդներում ու ավազուտներում անտառներ ստեղծել: Դրանց մեծ մասը, ավաղ, էներգետիկական ճգնաժամի տարիներին հատվեց: Այդ նույն սերունդը կարող է լավ հիշել նաև Մարտունու անտառտնտեսության պետական տնկարանը, որը ժամանակին հանրապետության լեռնային շրջաններն ապահովում էր տերևավոր ծառաթփատեսակների տնկանյութով: Եվ այդ տնկարանից հիմա մնացել է միայն բարի հիշողություն»,—ափսոսանքով ասում է մարզպետի օգնականը:

Ի դեպ բնապահպանների համոզմամբ այս աղետալի վիճակի մեղավորը ոչ միայն 90-ականների մութ ու ցուրտ տարիներն էին, երբ մարդիկ տաքանալու համար համատարած հատում էին անտառները, այլև փայտանյութի շահութաբեր բիզնեսը, որը դարձավ որոշ պաշտոնյաների մենաշնորհը:

Փորձառու անտառաբույծների վկայությամբ մինչև 1992 թ. Մարտունու անտառտնտեսությունն իր միջոցներով և ուժերով «Հայանտառի» կազմում ամեն տարի ստեղծում էր 100 հա անտառ, և ծառերի 60 տոկոսից ավելին կենսունակ էր: Իսկ վերջին 8-10 տարիներին այդ նույն անտառտնտեսությունն ամեն տարի անտառվերականգնման աշխատանքներ իրականացնում է հազիվ 20-25 հեկտարի վրա: Այստեղ, ինչպես նաև մյուս մասնաճյուղերում, դժվար է իրականացնել նաև անտառպահպանությունը. չկան տրանսպորտային միջոցներ, զենք, համապատասխան պարագաներ և այլն:

Խ. Խլղաթյանի ներկայացմամբ՝ Սևանի ավազանի անտառների ստեղծման գործում մեծ ավանդ ունեցող անտառաբույծներից շատերը մինչև հիմա էլ դժվարանում են բացատրել, թե այդ անտառտնտեսություններն ինչու 1997 թ. դուրս բերվեցին «Հայանտառի» հաշվեկշռից: Նրանք գտնում են, որ «Սևան» ազգային պարկը “ԱՊ”, որի կազմում են այս անտառտնտեսությունները, ներկա միջոցներով և հնարավորություններով, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում ի զորու չեն ապահովելու անտառվերականգնման և անտառպահպանության լիարժեք աշխատանքներ, որովհետև վերածվել են բացառապես երրորդական-չորրորդական դեր ունեցող կառույցների, կոպիտ ասած` ընդամենը աշխատավարձ ստացողների: Բոլոր զրուցակիցներս էլ միակարծիք էին, որ այս անտառտնտեսություններին պետք է տալ իրավաբանական անձի կարգավիճակ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա կանոնակարգել իր գործունեությունը, տնօրինել նյութական միջոցները և ֆինանսավորումն ուղղակիորեն ստանա պետբյուջեից: Մինչդեռ հիմա պետության հատկացրած գումարն անցնում է այսպիսի երկար ճանապարհ` պետբյուջե-ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների պահպանության գործակալություն-«Սևան» ԱՊ և մասնաճյուղեր:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանն այս առնչությամբ հայտնեց, որ եթե տեղի անտառտնտեսություններն առաջ «Հայանտառի» կազմում զբաղված էին բացառապես անտառշինարարությամբ, ապա այժմ` «Սևանի» կազմում հիմնականում տարածքներ վարձակալություն տալով: Ըստ նրա՝ «Սևանը» չպետք է տնտեսավարությամբ զբաղվի, այլ օժտված լինի տեսչական խստացված իրավունքներով: Իսկ անտառտնտեսություններն ավելի արդյունավետ կկառավարվեն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում: Հակառակ այս կարծիքի՝ տեղեկացանք, որ այս տարվա ընթացքում «Սևան» ԱՊ-ի չորս տեղամասերում կառուցվածքային փոփոխություններից հետո ավելացել է ևս երեքը` անտառստեղծման և անտառպահպանման ոլորտում վիճակն ավելի խճճելով: «Կարելի է կարծել, որ այս քայլն արվել է անտառային տարածքների պահպանությունը խստացնելու նպատակով, բայց դժվար չէ նկատել, որ ընդամենն ավելացել են աշխատավարձ ստացողները»,—հայտնում է պարոն Խլղաթյանը:

Այս ամենին գումարվում է այն հանգամանքը, որ անբավարար պահպանության հետևանքով և «Սևանի» տարածքում անասունների արածեցումները շարունակելու պատճառով խաթարվել է նաև նախկինում հատված ծառերի բնական վերարտադրությունը: Իսկ ջրածածկման ենթակա անտառային տարածքներում շատ ծառատեսակներ կենսունակ են միայն վերատնկման դեպքում: Այնինչ դրանք կամ ջրածածկ են լինում, կամ եթե տարածքները հասցվում են մաքրվել՝ հատվում են: Ըստ տեղեկությունների՝ վերջին մեկուկես տասնամյակում անտառների, այգիների և պուրակների հիմնման ու պահպանման ծրագրային աշխատանքներ գրեթե չեն կատարվել: Շատ վայրերում տնկված ծառերը չխնամվելու հետևանքով կամ չորացել են, կամ անասունների սմբակների տակ ջարդվել: Այսինքն դա նշանակում է, որ ծախսված գումարներն ուղղակի փոշիացվել են: Եվ պատահական չէ, որ Ծովինարի պետական տնկարանի ոչնչացման հետևանքով այս գարնանը «Սևանի» տարածքում ծառատունկ կատարվել է ընդամենը վեց հեկտարի վրա՝ մոտ 6 հազար ծիրանենի, բալենի, խնձորենի և սալորենի: Հետևությունը թողնում ենք ընթերցողներին և պետական շահագրգիռ մարմինների ղեկավարններին:

Հեղինակ` Լիանա Սիրունյան
http://www.sobesednik.am

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հետազոտություններ, Հոդվածներ, Մամուլի հրապարակումներ, Ահազանգ, Կարծիք-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

1 Response to Ժամանակն է, որ խլածը վերադարձնենք բնությանը

  1. Ծանուցում՝ Tweets that mention Ժամանակն է, որ խլածը վերադարձնենք բնությանը | Հայաստանի անտառներ -- Topsy.com

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.