Անտառների պաշտոնական թվերը նկարված են

Հետքը բավականին հետաքրքիր հարցազրույց է տեղադրել աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանի պետական ագրարային համալսարանի ագրոէկոլոգիայի եւ անտառագիտության ամբիոնների դասախոս Հովիկ Սայադյանի հետ:  Հարցազրույցում քննարկվում է անտառների ներկա վիճակը, լայնածավալ անտառահատումների էկոլոգիական վտանգները և այլն:

Հայաստանի անտառները 90-ական թվականների սկզբից հայտնի պատճառներով դաժանորեն հատվել են, կա՞ն գնահատականներ, թե ինչ մնաց մեր անտառներից:

Հաշվարկված է, որ 1990-ական թթ. անտառամերձ տնտեսությունների սպառած էներգիայի 50%-ը ստացվել է վառելափայտի օգտագործումից:

1991թ. անկախության հռչակումից մինչ այսօր ազգային անտառգույքագրում ՀՀ-ում չի իրականացվել: Մեր հանրապետության անտառների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը նույնիսկ այսօր՝ վերջին գույքագրումից շուրջ 20 տարի անց, հենվում է 1986-1989 թթ. իրականացված ազգային անտառգույքագրման տվյալների վրա: Կարծում եմ՝ արդեն պարզ է, որ այդպիսի հնության տվյալների վրա որոշումներ կայացնելը զերծ չի լինի սխալներից կամ թերություններից:

1997-1999թթ. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի եւ Շվեդիայի Ազգային անտառային խորհրդի համատեղ իրականացրած «Հայաստանի անտառային պաշարների գնահատումը» միջազգային ծրագրի արդյունքում չպարզվե՞ց մեր հանրապետության անտառների իրական վիճակը:

Ճիշտ է, այդ ծրագիրն ընդգրկել է հանրապետության ամբողջ տարածքը: Սակայն, ի տարբերություն ազգային անտառգույքագրման, որը հենվում էր անտառի յուրաքանչյուր հատվածի գույքագրման վրա, այս ազգային անտառգնահատումը նպատակ ուներ ընդհանուր տեղեկություններ տալ անտառահատումների ծավալների, տարեկան ու միջին աճերի, ինչպես նաեւ թույլատրելի հատումների ծավալների վերաբերյալ: Համաձայն նշված անտառգնահատման արդյունքների՝ թույլատրելի եւ չկարգավորված ու ապօրինի հատումների ծավալը 1991-1996 թթ. ընթացքում կազմել է տարեկան 600.000 խմ: Սակայն կա նաեւ այլ գնահատական: Հաշվարկվել է, որ 1997-2002 թթ. չկարգավորված եւ ապօրինի հատումների տարեկան ծավալը կազմել է 1մլն խմ (Armenian Country Profile, 2002): Նկատի ունենանք նաեւ, որ 1991-1996 թթ. թույլատրելի անտառահատումների ծավալը մոտ 100.000 խմ էր, որը բավարարում էր փայտանյութի ապրանքների նկատմամբ մեր հանրապետության ներքին պահանջարկի ընդամենը 10-15%-ը:

Այժմ իրականացվող հատումների իրական ծավալների վերաբերյալ ճշգրիտ գնահատականներ չկան: Ամեն դեպքում, հատման վերոհիշյալ մակարդակները շատ ավելի բարձր են, քան 1997-1999 թթ. անտառգնահատման արդյունքում ստացված անտառի միջին տարեկան աճի արժեքը: Այն տարեկան կազմում է 1 հա-ի հաշվով 2,86 խմ եւ, որքան էլ զարմանալի է, առնվազն երկու անգամ գերազանցում է խորհրդային վերջին անտառգույքագրման համապատասխան ցուցանիշը: Այս թվերը ցույց են տալիս, որ անտառային գեոհամակարգերի դեգրադացիան հանրապետությունում համընդգրկուն բնույթ ունի:

Անտառազրկման եւ անտառների դեգրադացիայի ցայտուն օրինակներ կարելի է տեսնել Սեւանա լճավազանում, որտեղ մեծ դժվարությամբ ստեղծված արհեստական անտառտնկարկների քառորդ մասը համատարած հատվեց: Հայաստանի բարձրարժեք կաղնու եւ հաճարենու անտառները փոխարինվեցին ղաժուտներով եւ ցածրորակ անտառներով՝ կապված Եվրոպա, Թուրքիա եւ Իրան բարձրորակ փայտանյութի արտահանման հետ:

Համառոտ ներկայացրեք, խնդրեմ, աղետալի մասշտաբների հասած անտառահատումների էկոլոգիական հետեւանքները:

Դա շատ ծավալուն թեմա է, ուստի մեկ-երկու արձանագրում կկատարեմ: Չկարգավորված անտառահատումներն առանձնապես վտանգավոր են հարավահայաց դիրքադրությունների համար, որտեղ բուսածածկն առավել խոցելի է եւ բարձր է արոտավայրերի ծանրաբեռնվածությունը: Հատումներն արագացրին էրոզիոն գործընթացները, սողանքային երեւույթները, որոնք իրենց հերթին նպաստեցին հզոր սելավային հոսքերի առաջացմանը, հատկապես ամառային ամիսներին, երբ ձեւավորվում են բարձր ինտենսիվության հորդառատ անձրեւներ: Ընդգծեմ նաեւ, որ չկարգավորված հատումները մեծ վնաս են հասցնում անտառների ինքնավերականգնման ունակությանը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Հայաստանի տարածքի 11,2%-ը (334.100 հա) անտառածածկ է, ի՞նչ թիվ է սա, արդյո՞ք արժանահավատ է:

Այդ ցուցանիշը ստացվել է 1993 թ. անտառների պետական հաշվառումից, որը հենվել է 1986-1989 թթ. կատարված վերջին ազգային անտառգույքագրման արդյունքների վրա: Դրանք կասկածի տակ են դրվում նույնիսկ պաշտոնական փաստաթղթերում, օրինակ՝ 2005 թ. ընդունված Անտառային ազգային ծրագրում: Այստեղից էլ պարզ է դառնում, որ նշված ցուցանիշը վստահելի չէ: Սակայն նույնիսկ այս դեպքում ՀՀ յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում 0,1 հա-ից պակաս միակցված անտառատարածք, այն դեպքում, երբ երկրագնդի մասշտաբով մոլորակի յուրաքանչյուր բնակչին բաժին ընկնող այդ ցուցանիշը 0,67 հա է: Եթե հավելենք, որ ՀՀ անտառներն ունեն անհավասարաչափ տեղաբաշխում, ավանդաբար առանձնացվում են հյուսիս-արեւելյան (երկրի անտառների 62%-ը), հարավ-արեւելյան (36%-ը) եւ կենտրոնական (2%-ը) անտառզանգվածները, ապա հատկապես հանրապետության կենտրոնական հատվածի համար, որտեղ երկրի բնակչության կեսից ավելին է (Երեւան, Արմավիր, Աշտարակ, Էջմիածին, Արտաշատ, Արարատ եւ այլ բնակավայրեր), տխուր ու տագնապալի պատկերն ավելի կընդգծվի: Ճիշտ է, Հայաստանի 2004 թ. վիճակագրական տարեգրքի համաձայն՝ մեր հանրապետության տարածքի 12,7%-ն անտառածածկ է, սակայն կան արբանյակային տվյալներ, որոնք, կարծում եմ, ամենաօբյեկտիվն են: ՆԱՍԱ-ի կատարած տիեզերական պատկերներից համապատասխան ծրագրային փաթեթի օգնությամբ ստացված տվյալների համաձայն՝ Հայաստանի տարածքի անտառածածկը 1987-1989 թթ. կազմել է 294.134 հա, իսկ 2000-2001 թթ.՝ 246.099 հա: Մեր ուսումնասիրությունների համաձայն, որոնք համապատասխանում են նշված տվյալներին, 1990-ական թթ. սկզբից մինչեւ 21-րդ դարի սկզբները անտառազրկման տեմպերը կազմել են տարեկան 4000 հա: Դա հատկապես ցայտուն է արտահայտված խոշոր քաղաքների եւ Սեւանա լճի շուրջ:

Արդյոք կան այլ տեղեկություններ, որոնք ավելի արժանահավատ են դարձնում արբանյակի միջոցով ստացված տվյալները:

Կարծում եմ, այդ տվյալներն ինքնին բավարար արժանահավատություն ունեն եւ մոտ են իրականությանըգ Այնուամենայնիվ, քանի որ այդ հարցը տվեցիք, տեղեկացնեմ, որ 1988թ. Հայաստանի անտառտարածքի ընդհանուր մակերեսը (294 135 հա) մոտ է ԽՍՀՄ Գեոդեզիայի եւ քարտեզագրության ինստիտուտի կողմից ստեղծված 1:100 000 մասշտաբի տեղագրական քարտեզի վրա առկա անտառտարածքի մակերեսին (284 950 հա)գ Ի դեպ, այդ քարտեզը վերջին անգամ թարմացվել է հենց 1988թ.գ 1գ14 000 մասշտաբի օդալուսանկարների հիման վրա: 2000-2001 թթ. համար հաշվարկված անտառածածկի մակերեսը (246 098 հա) բավականին մոտ է 2000թ. գնահատականին, որն առկա է տարբեր միջազգային եւ տեղական փորձագետների հաշվետվություններում, օրինակ, UNEP-ի 2001թ. ուսումնասիրությունը, որը հենվում է ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալների վրա:

Հայաստանի անտառածածկ տարածքներն անցած տարիներին տուժել են տարբեր պատճառներով, կարելի՞ է ասել, որ հիմնական հարվածը եղել է ապօրինի եւ չկարգավորված անտառահատումների պատճառով:

Այո, մեր հանրապետության անտառներին հատկապես մեծ վնաս են հասցրել անկախությունից հետո իրականացված չկարգավորված եւ ապօրինի անտառահատումները: Եթե 90-ական թթ. առաջին կեսին դրանք թելադրված էին էներգետիկ ճգնաժամով, ապա 1996-1997 թթ. այն վերածվեց կազմակերպված բիզնեսի՝ ներառելով փայտամշակման ողջ շղթան, այդ թվում՝ փայտանյութի արտահանումը: Այդ ժամանակներից նշված բիզնեսի տերերը սկսեցին զբաղվել անտառից շինափայտի (դռների, լուսամուտների եւ կահույքի պատրաստման համար), ինչպես նաեւ բարձրորակ կաղնու փայտանյութի (կոնյակի հնեցման նպատակով տակառներ արտադրելու համար) դուրս բերման, կաղնու եւ հաճարենու որակյալ փայտանյութը Թուրքիա, Եվրոպա, Իրան արտահանելու աշխատանքներով: Ինչքան մեծանում էին եկամուտները, այնքան «բիզնեսը» ծավալվում էր ու դառնում ավելի կազմակերպված: Այս ամենի հետեւանքով, համաձայն ամենահամեստ գնահատականների, 1986-1989 թթ. անտառի ազգային գույքագրումից ի վեր երկրի անտառածածկի առնվազն 3-4%-ը ոչնչացվել է, ինչը նշանակում է, որ Հայաստանի անտառածածկ տարածքի ընդհանուր մակերեսը 11,2%-ից դարձել է 7-8%:

Հեղինակ` Արթուր Հովհաննիսյան, Աղբյուրը` www.hetq.am

 


 

Advertisements
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.