«Հայացք». Անտառը նահանջում է

Իսկ ինչո՞ւ անտառահատումները չպետք է շարունակվեին, ի՞նչ է, մեր վիճակն այդքան լավացե՞լ է. գազը թանկանում է, ժողովուրդը սոված է, ֆինանսավորումը քիչ է, ինչո՞ւ չպետք է շարունակվի:

«Հայաստանի տարածքի 80%-ին սպառնում է անապատացումը»,- նախազգուշացնում են բնապահպանության փորձագետները և հիշեցնում Համաշխարհային բանկի զգուշացումը իշխանություններին.«Եթե ևս 20 տարի անտառահատումները Հայաստանում այս տեմպերով շարունակվեն, Հայաստանում անտառ չի մնա»:

Իհարկե,«ապօրինի անտառօգտագործում» հասկացությունը հատուկ է բոլոր երկրներին, և անտառային օրենսդրության կիրարկման և ապօրինի անտառօգտագործման դեմ պայքարի համատեղ ծրագիր Հայաստանն էլ իրականացնում է, բայց արդյո՞ք մեր երկրում այդ ուղղությամբ պայքարն այսօր հասնում է որևէ լուրջ արդյունքի: Եթե ուշադրություն դարձնենք անտառահատումների տարեկան վիճակագրությանը, ապա 2003-ից այս կողմ այդ թիվը տարեցտարի նվազում է: 2005 թվականին համակարգի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում հաշվառվել է ապօրինի հատված 21703 ծառ, արդեն 2008-ին ապօրինի հատումները հասել են 2080-ի:

Այս թվերը, սակայն, չեն խանգարում Հայաստանի բնապահպանական կազմակերպություններին պնդել, որ անտառահատումները մեզ մոտ շարունակվում են` հասնելով մեծ ծավալների, որոնք առաջացնում են ոչ միայն լուրջ տնտեսական, այլև սոցիալական խնդիրներ` հողերի վտանգավոր չափերի հասնող էրոզիա, սելավներ ու սողանքներ, տեղական կլիմայի փոփոխություն, հողերի բերրիության անկում, աղտոտված օդ և այլն:

Թե Հայաստանի քանի տոկոսն է այժմ անտառածածկ, ոչ ոք ստույգ չգիտի: Իրավասու մարմիններն, անգամ, չեն կարող վստահ որևէ թիվ ասել:

Ըստ պաշտոնական տվյալների` հանրապետության անտառային հողերը 1993 թվականի հաշվառման արդյունքներով կազմում են 459,9 հազ. հա, որից 334,1 հազ. հա անտառածածկ տարածքներ են (հանրապետության տարածքի 11,2%-ը): Սակայն այդ հաշվառումից անցել է շուրջ 17 տարի, և այստեղ չպետք է մոռանալ էներգետիկ ճգնաժամի և տնտեսական շրջափակման պատճառով 1991-2000 թվականներին կատարված գերհատումները, երբ համաձայն միջազգային կազմակերպությունների դիտորդների տվյալների` հանրապետության անտառներում յուրաքանչյուր տարի հատվել է 700 հազ.-1 մլն. խմ անտառանյութ: Ներկայում անտառային տարածքներում վերջնական անտառաշինության բացակայության պատճառով վերը նշված տվյալները պաշտոնապես հաստատված չեն, սակայն գյուղնախարարությունը, որի իրավասությանն է վերապահվել հանրապետության անտառային հողերի 372,8 հազ. հա տարածքների կառավարումը,«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (19«անտառտնտեսություն» մասնաճյուղ) միջոցով այժմ զբաղված է այս խնդրով:

«Մենք հիմա արդեն ավարտում ենք անտառտնտեսությունների անտառաշինությունը, 19 տնտեսությունից 15-ի կառավարման պլանները մշակված են, և մնացած 4-ի պատասխաններն ունենալուց հետո կկարողանանք ստույգ տվյալներ հայտնել»,- ասում է«Հայանտառի» գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:

Սակայն պետք է նկատի ունենանք նաև, որ նույնիսկ այս հաշվառումներից հետո մենք չենք ունենալու տվյալներ Հայաստանի ամբողջ տարածքի անտառածածկության վերաբերյալ, քանի որ սա վերաբերում է միայն«Հայանտառի» ենթակայության ներքո գտնվող տարածքներին (իսկ մնացած 26,4%-ը բնապահպանության նախարարության կազմում է` բնության հատուկ պահպանվող տարածքների տեսքով):

Ամեն դեպքում այժմ միայն«Հայանտառ»-ն է, որ 1993 թվականին հաշվառված 11,2%-ի հետ կապված ինչ-որ հույսեր ունի: Հայաստանի գրեթե բոլոր բնապահպանական կազմակերպությունները նույնիսկ 7-8%-ի մասին են կասկածով խոսում.«Ամբողջովին երկնքին նայելով` քարտեզագրումներ են կատարվում,- ասում է Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը և ավելացնում,-մեր հաշվարկներով միայն 7-8%-ն է անտառածածկ, թող ապացուցեն, որ սա քիչ է, կարող է նույնիսկ սա էլ չկա: Եկեք այն 11,2%-ից պակասեցնենք 17-18 տարիների անընդհատ հատումները, տարի է եղել, երբ անտառից սղոցվել է 1,3 մլն խմ անտառ: Իհարկե, պետք է նկատի ունենանք նաև վերաճը, սակայն այն չի կարող ծածկել հսկայական կորուստները»:

Իսկ ահա«Հայաստանի անտառներ» հկ տնօրեն Նազելի Վարդանյանը նույնիսկ այդ 7-8%-ին չի հավատում.«Փաստացի մենք ունենք ընդամենը 5-6% անտառածածկ տարածք, այդ 8%-ը չկա»:

Ինչևէ, «Հայանտառի» գլխավոր անտառապետը վստահեցնում է, որ թեև առայժմ իրական թվերը չկան, դրանք հաստատ 8%-ը չեն կազմելու:«Այդ 11,2%-ը նշանակում է, որ 334,1 հազ հա, եթե դա դարձել է 7-8%, նշանակում է 100 հազար հա անտառ վերացել է իսպառ: Բայց կա՞ արդյոք նման տարածք, որ նախկինում անտառ է եղել ու հիմա չկա»,- հարցնում է Ռուբեն Պետրոսյանը:

Սակայն չնայած այս անորոշությանը` կառավարության ներկայացուցիչները խոստանում են, որ 2050 թ. Հայաստանի 20,1%-ը լինելու է անտառածածկ: Սրա վերաբերյալ«Հայանտառի» ներկայացուցիչը նշում է.«Դա բացարձակապես անհնար է: Ամբողջ Խորհրդային Միությունը 70տարի կառավարելով, իսկ վերջին 30 տարին լուրջ ներդրումներ անելով անտառապատման գործում` կարողացավ ընդամենը 9,8%-ից բերել 11,2%, այդ ինչպե՞ս մենք պետք է 40 տարում կրկնապատկենք թիվը»:

«Անտառում ապօրինի ծառ կտրել ու տանել անհնար է, ամեն ինչ արվում է հենց իրենց համար, իհարկե այդ ապօրինի ծառահատողներն ամեն օր 500-1000 դրամով իրենց համար աշխատողներն են: Եթե առաջ հատում էին ընդհանուր, հիմա դժբախտաբար հատում են մայրացու ծառեր, լավորակ փայտանյութն արտահանում և իրենց տեղերում թողնում են փտած, ծերացած ծառերը»,- համոզված է Հակոբ Սանասարյանը:

«Անտառահատումների տեմպերը նվազել են»,- ասում է Ռուբեն Պետրոսյանը, նաև համաձայնում, որ դրանք վտանգավոր կերպով շարունակվում են.«Իսկ ինչո՞ւ անտառահատումները չպետք է շարունակվեին, ի՞նչ է, մեր վիճակն այդքան լավացե՞լ է. գազը թանկանում է, ժողովուրդը սոված է, ֆինանսավորումը քիչ է, ինչո՞ւ չպետք է շարունակվի: Եթե ուզում ենք, որ լավ լինի, պետք է ներդրումներն ավելանան, պետք է նոր տեխնոլոգիաներ բերվեն, գազաֆիկացումը պետք է ավելանա: Իհարկե, սա վտանգավոր է»:
Սակայն եթե այս հարցում Ռուբեն Պետրոսյանն ավելի շատ անտառամերձ բնակչության չքավորության խնդիրն է տեսնում, Հակոբ Սանասարյանը համոզված է, որ ամբողջ համակարգն է փոխպայմանավորված ապօրինի գործում, և իրականում նույն այդ սանիտարական հատումները, նրա կարծիքով, շատ հաճախ իրականում բոլորովին այլ բան են ենթադրում.«Գիշերներն ապա դուրս եկեք ու տեսեք, թե ինչ մեքենաներ են գնում, ինչ փայտանյութով: Ամբողջ համակարգը, անտառի ծառայողներով և ոստիկանության ու դատական համակարգով վերջացրած, խաթարված է»:

Սանիտարական հատումների անվան տակ շահութաբեր հատումներ անելու մտքի հետ համաձայն չէ գլխավոր անտառապետը, սակայն վստահ է, որ անտառային ոլորտը պահպանելու մեջ միայն անտառի աշխատողը չի մեղավոր.«Փայտը կտրեցին, անտառում ոչ մեկը չտեսավ, դա գալիս է քաղաք` ճանապարհին ոստիկան կա՞, թե չէ, որ բերեցին շուկա ծախելու, կա՞ն մարդիկ, որ պետք է բռնեն: Ո՞ւր են այդ մարդիկ»,- մեզ է հարցնում գլխավոր անտառապետը:

Հակոբ Սանասարյանի համոզմամբ` անտառին սպառնացող ամենամեծ աղետը դեռ առջևում է ու թաքնված է 2005 թվականին Հայաստանում ընդունված նոր անտառային օրենսգրքում.«Խորամանկորեն ու ոչ բացահայտ այնպիսի հոդվածներ ընդունվեցին, որոնք անտառային համակարգը տանում են դեպի ապապետականացում: Ինչպե՞ս անել, որ Հայաստանի անտառները չունենան կենտրոնաձիգ կառավարում: Սա արդեն հետագա սեփականաշնորհմանը տանող քայլն է: Մի օր էլ կտեսնենք կառավարության որոշումը, թե այսքան հա տարածքը հատկացվում է համայնքին և հետո, երբ արդեն քրքրենք, կպարզվի, որ օրինակ 60 հա-ից 6 հա նախարարին է տրվել, 6հա «Հայանտառին», 6հա էլ կառավարության մյուս-մյուսին և ոչինչ չկա»:

Գայանե Առաքելյան
«Հայացք» շաբաթաթերթ

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.