Ավելի քան 34000 ապօրինի ծառահատում

Այսպես շարունակելու դեպքում Հայաստանը մոտ ապագայում կկորցնի իր անտառների նշանակալի մասը: Այդ պարագայում հողերի էրոզիայի, ջրաղբյուրների ցամաքելու, անապատացման` արդեն իսկ սկսված գործընթացներն ավելի կխորանան և կվերաճեն Հայաստանի համար գլոբալ էկոլոգիական աղետի:

Առավել քան զարմանալի է և, կարծում ենք, նույնիսկ անհեթեթ, երբ վերոնշյալի համապատկերի վրա պետական համապատասխան պաշտոնյաները փորձում են իրականությունը վարդագույն ներկայացնել: Վերջերս այդպես է վարվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը և կամ էլ ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին, որին, սակայն, իրավապահ մարմիններն ընթացք չեն տվել: Բացատրենք, թե ինչի մասին է խոսքը:

Ըստ Մ. Մաթևոսյանի` «Հայանտառի» ենթակայության տակ այսօր գտնվող անտառային ֆոնդի հողերը մոտ 345000 հեկտար են: Այդ անտառային ֆոնդում 2008 և 2009 թթ. արձանագրված ապօրինի ծառահատումների թիվը, նրա տեղեկացմամբ, կազմում է ընդամենը 2200-2300: Ինչպես տեղեկացանք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանից, Հայաստանում աճող ամենախոշոր, գերհասուն յուրաքանչյուր ծառի հատումից կարող է ստացվել առավելագույնը 8 խմ փայտ:
Համարենք, թե «Հայանտառի» ենթակայության անտառային ֆոնդում 2008 և 2009 թթ. ապօրինի հատված բոլոր ծառերը գերհասուն ծառեր են եղել, բայց նույնիսկ այս պարագայում տարեկան ապօրինի ճանապարհով ստացված փայտի ծավալը 18400 խորանարդ մետրը չի անցնի: Հիմա ուշադրություն դարձնենք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի հրապարակած մյուս թվերին:

«Եթե հաշվենք, որ ամեն ընտանիք (անտառամերձ բնակավայրերում բնակվող.- Ա. Հ.) տարեկան 5-6 խմ փայտ է վառում, դա հսկայական թիվ է կազմում,- ս. թ. հոկտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Մ. Մաթևոսյանը:- 2008 թ. ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում տարեկան այրվում է մոտ 300-350 հազար խմ փայտ»:

Ըստ նրա` փայտի այդ ծավալն ամբողջությամբ ապօրինի հատումներից չի ստացվում, դրա մեջ է մտնում նաև օրինական հատումներից, անտառի թափուկից գոյացած փայտանյութը: 2008թ. անտառային ֆոնդի օրինական հատումների (այսպես կոչված` խնամքի և սանիտարական հատումների) ծավալը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ից ստացված պաշտոնական տեղեկատվության համաձայն, 33092,5 խմ-ն է եղել, մոտավորապես այդքան էլ (34859 խմ) կազմել է 2009 թ.: Նկատենք, որ փայտի նշված ծավալի մի մասն օգտագործվել է որպես շինափայտ: Սա նշանակում է, որ անտառի թափուկի հետ միասին օրինական ճանապարհով ստացված վառելափայտը տարեկան 50000 խմ-ն չի կարող գերազանցել, ինչից բխում է հաջորդ հետևությունը` միայն որպես վառելափայտ օգտագործված վերոնշյալ 300-350 հազար խմ-ից 250-300 հազար խմ փայտը ստացվել է ապօրինի հատումների ճանապարհով: Այս թվերն էապես հակասում են տարեկան, ըստ Մ. Մաթևոսյանի, ապօրինի ճանապարհով հատված և արձանագրված 2200-2300 ծառից ստացված փայտանյութի առավելագույն ծավալին` 18400 խմ: Պարզ հաշվարկը վկայում է, որ 250-300 հազար խմ վառելափայտի ստացման համար ապօրինի ճանապարհով տարեկան հատվել է ավելի քան 34000 ծառ, եթե, իհարկե, ապօրինի հատված ծառերը միայն գերհասուն ծառեր են եղել: Սակայն եթե հաշվի առնենք, որ հատվել են նաև ծառեր, որոնցից ընդամենը 2-3 խմ փայտ է ստացվել, ապա ապօրինի հատված ծառերի քանակը շատ ավելի մեծ կլինի: Ընդ որում, այս հաշվարկից դուրս է թողնված շինափայտի ստացման նպատակով ապօրինի հատված ծառերի քանակը, ինչը նույնպես մեծ է: Ի դեպ, 2010 թ. անցած ժամանակահատվածի տվյալները ևս նույն պատկերն են արձանագրում: Թերևս բավական է ասել, որ ըստ պաշտոնական տվյալների` միայն մեկ անտառահատ «Հայանտառի» միայն մի (Գուգարքի) անտառտնտեսությունում ընդամենը 2 ամսում (2010թ. սեպտեմբեր-հոկտեմբերին) ավելի քան 100 ծառ է ապօրինի հատել:

Իհարկե, պարոն Մաթևոսյանը և նրա գործընկերները կարող են ասել, որ վառելափայտի անօրինական ճանապարհով ստացված ծավալը միայն «Հայանտառի» ենթակայության 345000 հա անտառային ֆոնդից չէ, որ ձեռք է բերվել, մոտ 100000 հա անտառային ֆոնդ կամ անտառի կարգավիճակ ունեցող տարածքներ էլ (ազգային պարկեր, հատուկ պահպանվող տարածքներ) գտնվում են ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության, հսկողության տակ:

Սակայն եթե հաշվի առնենք, որ «Հայանտառի» ենթակայության անտառային ֆոնդն ավելի քան եռակի մեծ է, քան բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվողը, ավելին` վերջինիս ենթակայության ներքո գտնվող անտառային ֆոնդն ազգային պարկերի և հատուկ պահպանվող տարածքներում գտնվելով` ենթակա է ավելի խիստ պահպանման, ապա տրամաբանորեն կարելի է եզրակացնել, որ տարեկան ապօրինի հատված ավելի քան 34000 ծառերի գերակշիռ մասը հատվել է հենց «Հայանտառի» ենթակայության անտառային ֆոնդում: Այնուամենայնիվ, չբացառենք, որ այդ ֆոնդում ապօրինի հատված ծառերի քանակը 2008 և 2009 թթ. տարեկան 2200-2300 է եղել, և Մ. Մաթևոսյանի հայտնած այդ թվերը բացարձակ ճշմարտությունն են արտահայտում:

Հոդվածի սկզբում հենց սա նկատի ունեինք, քանի որ «Հայանտառի» անտառային ֆոնդում 2008 և 2009 թթ. ապօրինի հատված, արձանագրված ծառերի քանակի (2200-2300) վերաբերյալ Մ. Մաթևոսյանի ասածը, եթե իրականությունը վարդագույն ներկայացնելու փորձ չէ, ապա, այլ տվյալների ներկայացման հետ միասին, ըստ էության, հաղորդում է հանցագործության մասին:

Արթուր Հովհաննիսյան, «Հայացք» շաբաթաթերթ

Advertisements

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Հոդվածներ-ում։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.