No comments` Ձայներ Դիլիջանից

Անցած շաբաթ մեզ մոտ գրել էի «ԷկոԼուր»-ի` անտառամերձ համայնքներից «No Comments` ձայներ անտառամերձ համայնքներից» անվանմամբ իր կարճ ռեպորտաժների շարքի մասին: Այսօր նույն շարքի դիլիջանյան շարունակությունն է հրապարակվել: Անչափ հետքրքիր է, կարդացեք:

Դիլիջան: Դիլիջանը տեղակայված է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Դիլիջանի անտառի կենսաբազմազանության պահպանման նպատակով 1958թ. ստեղծվեց Դիլիջան արգելոցը, որը 2002թ. փոխեց իր կարգավիճակը եւ դարձավ Ազգային պարկ: Ազգային պարկի տարածքի 90%-ից ավելին անտառ է: Այնտեղ աճում են մոտ 40 արժեքավոր տեսակի ծառեր եւ 18 տեսակի թփուտներ: Այստեղ աճում են 300-400-ամյա գիհիներ, որոնք հասնում են 25 մետր բարձրության եւ ունեն 80-100 սմ տրամագիծ: Հինավուրց պուրակը, որը գտնվում է Գետիկ գետի ավազանում ամենամեծն է Անդրկովկասում:

Պարկում 1213 տեսակի բույս կա, որոնք օգտագործվում են սնունդում: Այստեղ աճում է մոտ 180 տեսակի դեղաբույս: Անտառում հանդիպում են տարբեր տեսակի սունկեր: Ազգային պարկի կենդանական աշխարհը նույնպես բազմազան է: Այստեղ հանդիպում են գորշ արջը, գայլը, կզաքիսը, լուսանը, անտառային կատուն:

Այն բանից հետո, երբ ազգային պարկը կորցրեց արգելոցի բարձր կարգավիճակը, եւ կառավարման պլան ընդունվեց, որի գլխավոր մասը դարձավ տնտեսական զարգացումը, ազգային պարկի տարածքները տրվում են երկարաժամկետ վարձակալության, ակտիվորեն զարգանում է ենթակառուցվածքը` հյուրանոցների, ռեստորանների, ճանապարհների շինարարությունը: Դա նշանակում է, որ անտառը հատվում է, ընդ որում, սանիտարական հատման անվան տակ: Նկատվում է փայտանյութի օգտագործում արտադրական նպատակներով:

Դիլիջան ազգային պարկի ներկայացուցիչ, գլխավոր անտառապետ Ռոբերտ Բեգլարյան. «Մեզ մոտ անօրինական ծառահատումներ չկան, ամեն ինչ օրենքով է արվում` համաձայն կառավարման պլանի»:

«ԷկոԼուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյան. «Իսկ կարո՞ղ եք ներկայացնել այդ պլանը, այն պետք է բաց լինի բոլորի համար: Ի՞նչ տարածքներ են վարձակալության տրված, ովքե՞ր են վարձակալել, ի՞նչ է այնտեղ կատարվում, որտե՞ղ են իրականացվում օրինական ծառահատումները»:

Ռոբերտ Բեգլարյան.
«Այդ տվյալները կան, բայց ես ինձ հետ չեմ բերել»:

Քննարկման մասնակից X. «Մեր անտառները հարուստ են, եթե նույնիսկ կտրում են, նրանք չեն վերանում: Մեզ զարգանալ է պետք: Վերջին տարիներին այս տեղը կենդանացել է, որովհետեւ կառուցում են, մարդիկ են գալիս»:

Քննարկման մասնակից У. «Մենք նույնիսկ չգիտենք, թե որտեղ են կտրում: Եթե իմանանք էլ, դրանից ի՞նչ կփոխվի, էլ չե՞ն կտրի, թե՞ կկառուցեն»:

Քննարկման մասնակից Z. «Մեզ մոտ կապիտալ ներդրում են անում, զարգացնում են զբոսաշրջությունը, ցանկանում են բիզնես-կենտրոն կառուցել: Մեզ մոտ գալիս են երկրի ղեկավարները: Իսկ մինչ այդ ի՞նչ կար, ոչինչ, ոչ աշխատանք, ոչ մի բան»:

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյան. «Բայց եթե ձեր անտառը վերանա, ո՞վ ձեզ մոտ կգա, եւ մի հարց էլ, ի՞նչ կմնա Դիլիջանի անտառից: Այժմ դուք անտառ ունեք, եւ մարդիկ ձգտում են գալ այստեղ, որպեսզի բնության գրկում հանգստանան: Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ իրավիճակ է այժմ անտառում, ինչ տեսակներ են մնացել»:

Դիլիջանի Օրհուս կենտրոնի համակարգող Արարատ Ալիխանյան. «Ես կարծում եմ, որ Ազգային պարկի ղեկավարությունը պետք է հոգ տանի այն մասին, որ ամեն ինչ նորմալ կատարվի»:

About blansh

A sophisticated dreamer :)
Այս նյութը հրատարակվել է Մամուլի հրապարակումներ-ում և պիտակվել , ։ Էջանշեք մշտական հղումը։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.